Ռուս սահմանապահները խոչընդոտել են Ժառանգության ներկայացուցիչների տեղաշարժը Սյունիքում և կոտրել են տեսախցիկը
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով այսօր մասնակցում էր Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սամվել Կարապետյանի՝ Ագարակում անցկացվող նախընտրական քարոզարշավին, Tert.am-ին տեղեկացրեց, որ ռուսական սահմանապահ ուժերի տեսուչը խոչընդոտել է իրենց տեղաշարժը և կոտրել է տեսախցիկը:
«Մեղրի-Երևան ավտոճանապարհի Լիճք համայնքի խաչմերուկում սահմանապահ զորքերի աշխատակիցը կանգնեցրել է մեզ՝ ստուգումներ անցկացնելու նպատակով: Նույն կերպ նրանք վարվել են նաև առավոտյան, սակայն բաց են թողել, իսկ այժմ մենք ոստիկանություն ենք կանչել, և սպասում ենք, որ մեզ բացատրություն տան, թե ինչու են կանգնեցրել»,-ասաց նա:
Փոստանջյանը նաև տեղեկացրեց, որ ընդհարում է տեղի ունեցել իրենց թեկնածուի մամուլի խոսնակ Դավիթ Հակոբյանի, ով այդ ընթացքում տեսախցիկով նկարանահում էր իրականացնում և ռուս սահմանապահի միջև: Վերջինս հարվածել և կոտրել է տեսախցիկը:
Նշենք, որ այս պահին «Ժառանգության» ներկայացուցիչները դեռևս այդ հատվածում են:










