Գիտաժողովներն անիմաստ են, եթե պետք է քանդվեն հուշարձանները. բողոքի ցույց՝ Մատենադարանի մոտ (տեսանյութ)

16:02 • 25.09.13

Մատենադարանի նոր մասնաշենքում այսօր մեկնարկած «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովին զուգահեռ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա անցկացրեցին Մատենադարանի դիմաց՝ գիտաժողովի մասնակիցների ուշադրությունը Երևանի «Փակ շուկայի» վրա հրավիրելու նպատակով:


«Նման գիտաժողովները շատ կարևոր են, սակայն եթե տեսությունը չպետք է կիրառության մեջ մտնի, եթե այստեղ պիտի անցկացվեն գիտաժողովներ, իսկ այս փողոցի ծայրում պետք է քանդվեն հուշարձանները, ուրեմն այս գիտաժողովներն իմաստ չունեն»,- ասաց ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը:


Ցուցարարների անունից նա կոչ արեց գիտաժողովի բոլոր մասնակիցներին նաև մասնագիտական դիրքորոշում հայտնել «Փակ շուկայի» հարցում.«Կոչ ենք անում մասնակիցներին իրենց ներդրումն ունենալ հուշարձանների պահպանության հարցում: Քանի դեռ մեր հուշարձանները քանդվում են հայի ձեռքով, մենք բարոյական իրավունք չենք ունենալու մեր թշնամիներից պահանջելու մեր հուշարձանները պահպանել»:


Ակտիվիստը նաև հայտարարեց, որ Մշակույթի նախարարությունը և քաղաքապետարանը հրապարակային հայտարարել են, որ շուկայում տեղի ունեցող շինարարությունը ապօրինի գործողություն է:


«Փաստորեն պետական մի ամբողջ ապարատ չի կարողանում մեկ հոգու ստիպել, որ դադարեցնի ապօրինությունը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՀ դատախազությունն ու ոստիկանությունն այդ հայտարարությունը պետք է ընդունեն որպես հանցագործության մասին ծանուցում: