Նյու Յորքի դատախազությունն արգելել է համացանցում ապրանքների վերաբերյալ կեղծ մեկնաբանություններ թողնել
Ամերիկյան Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանը 19 ընկերությունների ճանաչել է գովազդի մասին օրենքի խախտողներ: Ընկերությունները գումար են վճարել համացանցում իրենց ապրանքների մասին դրական մեկնաբանություններ գրելու համար, հայտնում է Russia Today-ը:
Դատախազի հայտարարությունում ասվում է, որ գործատուն 10 դոլար է առաջարկել յուրաքանչյուր դրական մեկնաբանության համար, որոնք տեղադրվել են Google Local, Citysearch կամ Yelp կայքերում: Այժմ օրինախախտները ստիպված կլինեն վճարել ընդհանուր առմամբ ավելի քան 350 հազ. դոլար տուգանք:
«Գնումներ կատարելիս գնորդները հիմնվում են առցանց արձագանքների վրա. նրանք ենթադրում են, որ այդ մեկնաբանությունները գրվել են իրենց պես ծառայությունների որակով հետաքրքրված մարդկանց կողմից: Այս հետաքննությունը մեզ հասկացնել տվեց, որ համացանցի արձագանքներին պետք է զգուշությամբ վերաբերվել: Մենք ցանկանում ենք այդ ընկերություններին, որոնք կիրառում են նման մեթոդներ, ասել, որ իրենց համարում ենք գովազդի մասին օրենքի խախտողներ: Մենք բոլոր ջանքերը կներդնենք նրանց դեմ պայքարի համար»,- ասել է գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանը:










