Հայկոմկուսի առաջնորդը գործ չունի Ուկրաինայի կոմունիստների հետ. ՄՄ-ին միանալը պատմական ու հեղափոխական որոշում է

13:29 • 25.09.13

Մաքսային միությանը միանալն, իրոք, պատմական, հեղափոխական փաստաթուղթ է, որը համարվելու է պատմության վերջին 23 տարիների ամենախելոք փաստաթուղթը:

Tert.am-ին ասաց Ռուբեն Թովմասյանը ՝ ի պատասխան դիտարկման, որ Ուկրաինայի կոմունիստներն այն կարծիքին չեն, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը պատմական ու հեղափոխական որոշում է: Ավելին՝ ԵՄ-ին ասոցացվելու հարցում Ուկրաինայի իշխանությունը, ընդդիմությունը և կոմունիստները մեկ միասնական՝« կողմ» դիրքորոշում ունեն:

«Ես ինչ գործ ունեմ Ուկրաինայի կոմունիստների հետ, ես ասում եմ մեր Հայաստանի մասին: Թե Ուկրաինայի կոմկուսն ինչ է ասում՝ Ուկրաինայի գործն է: Ես ասում եմ, որ իմ ժողովուրդը 400 տարի եղել է Ռուսաստանի հետ, կա պատմություն, դեպքեր, կան արտահայտություններ : Մեր նախնիները մեզ այդպիսի ավանդ են թողել և պետք է շարունակվեն էդ ավանդները»,- ավելացրեց հայ կոմունիստների առաջնորդը: