Իշխանությունները գործում են «Պառակտիր, որ տիրես» սկզբունքով. Կարո Եղնուկյան

14:26 • 26.09.13

Սփյուռքահայերի և հայաստանցիների միջև փորձում են սեպ խրել՝ «Պառակտիր, որ տիրես» սկզբունքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Կարո Եղնուկյանը:


«Ւսկ «Փակ շուկայի» մոտ հավաքված Սամվել Ալեքսանյանի, այսպես կոչված, «աջակիցները» շատ բացասաբար էին տրամադրված սփյուռքահայերի նկատմամբ: Բղավելով, որ «ախպարներին» պետք է վառել, պարսիկներին՝ վռնդել, իրենք պարսիկ ասելով հասկանում են պարսկահայերին: Այսպիսի տրամադրությունը կարելի է հասկանալ, թե որտեղից է գալիս»,- ասաց Կարոն Եղնուկյանը:


Նրա խոսքով՝ սա նոր երևույթ չէ հայ իրականության մեջ, և այսպես էին ժամանակին տեղացիները դիմավորում հայրենադարձներին՝ նրանց «ախպար» կոչելով։


Անդրադառնալով «Ծածկած շուկայի» ճակատային մասում փակցված իր նկարին, Կարո Եղնուկյանը նշեց, որ կդիմի Վարչական դատարան, քանի որ այդ ակցիան իր հանդեպ ատելություն սերմանելու նպատակ ունի:


Անդրադառնալով «Ծածկած շուկային» համար մղվող պայքարին, Կարո Եղնուկյանը նկատեց, որ քաղաքացիական ուժերն են հիմա իրենց վրա վերցնում քաղաքական ուժերի պարտականությունները: Ավելին՝ «այդ երկուսի» սահմանն այնքան է մոտեցել, որ այսօր այլևս անհնար է տարբերել քաղաքականը քաղաքացիականից:


Ընդդիմադիր գործիչը մի պատմական զուգահեռ անցկացրեց՝ ասելով. «Քրիստոսին երբ խաչեցին, դա օրինական էր, բայց ոչ արդար: Հետևաբար այսօր քաղաքացիական շարժումը պահանջում է արդարություն, բայց քաղաքական օրենքը չի պաշտպանում, տվյալ դեպքում «Փակ շուկայի» հարցը արդարության հարց է: Բայց դա նաև օրենքի հարց է, մենք ուզում ենք, որ Հայաստանում «Փակ շուկայի« հարցը օրենքի սահմաններում լուծվի: Չենք ասում՝ արդա՞ր է, արդար չէ»: