Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին 56 երկրների շարքում 12-րդն է. դեսպանը և նախարարը՝ արդյունքների մասին
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին 56 երկրների շարքում 12-րդն է: Այսօր այդ մասին ասվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը Անրի Ռենոյի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի և մշակույթի փոխնախարար Արև Սամուելյան Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հրավիրված ասուլիսին:
«56 երկրների շարքում մենք գրավեցինք 12-րդ տեղը, ինչը բավականին լուրջ արդյունք է երկրորդ մասնակցության համար, համեմատած մյուս պատվիրակությունների հետ, այս անգամ խաղերին շատ լուրջ պատրաստված էինք, և որպես ամենակազմակերպված պատվիրակություն չորս պատվիրակությունների շարքում էր նաև մերը»,- ասաց Արև Սամուելյանը։
Միջազգային խաղերին Հայաստանը ներկայացել էր հինգ սպորտաձևերում, ինչի մասին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ցանկություն հայտնեց հետագայում դրանց թիվն ավելացնել: «Հինգ սպորտաձևեր էր ներկայացված, 2 ոսկե մեդալ ունեցանք, 2 բրոնզ: Ինքս մասնակցությունն այդ խաղերին արդեն մեծ հաջողություն եմ համարում, սա ես համարում բարձրակարգ և մեծ միջոցառում»,- ասաց նա՝ հավելելով, որ խաղերին հայ մարզիկները ներկայացել էին ըմբշամարտ, թենիս, հեծանվավազք, ձյուդո և ատլետիկա մարզաձևերում:
Նախարարը նաև հարց բարձրացրեց, թե ինչու չլիներ նաև ծանրամարտ: «Սպորտաձևերի ավելացումը կարծում եմ պարտադիր է»,- ասաց նա:
Իր հերթին դեսպան Անրի Ռենոն նույնպես կարևորեց նման խաղերի անցկացումը՝ նշելով, որ Ֆրանկոֆոնիայի խաղերը օժտված են նաև մշակութային և սպորտային բաղադրիչներով: Հայաստանի մասով Անրի Ռենոն ասաց. «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի պատվիրակությունը պատշաճ ձևով ներկայանա այդ խաղերին»:










