Օլիգարխի հետ մի սեղանի շուրջ մի՛ նստեք. Ժիրայր Սեֆիլյանի կոչը ազատամարտիկներին
Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ազատամարտիկներին կոչ է անում դուրս գալ թմբիրից, որևէ օլիգարխի հետ չհամբուրվել՝ նրա հետ գործակցության հույսով և նրա հետ չնստել նույն սեղանի շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Բոլոր խմբավորումներին դիմում եմ, որ օր առաջ դուրս գան այդ տրամաբանությունից, որովհետև որևէ լուծում այնտեղ չի լինելու: Լինելու է ինչպես միշտ՝ զրո արդյունք»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։
Նա առաջարկեց հիշել, որ «նրանք մասնակից են եղել մեր ժողովրդի կեղեքմանը, մեր ժողովրդի նկատմամբ բիրտ ուժ կիրառելուն, և նոր չի դա, մենք ոչ մի բան չենք մոռացել, դա երկար տարիների պատմություն ունի»։
«2004 թվական, հիշո՞ւմ եք Բաղրամյանի դեպքերը, մեքենաներով առաջ էին գալիս, հետապնդում մեր ժողովրդին։ Մենք հիշում ենք «Մարտի 1-ը», թե ովքեր էին ժողովրդի վրա ձեռք բարձրացնողները»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ oրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամների հետ մասնակցությամբ հանդիպել էր մի խումբ ազատամարտիկների, որոնք հանդիպելու ցանկություն էին հայտնել իրենց սոցիալական խնդիրների լուծման նպատակով:
Անդրադառնալով վերջին երեք ամիսների հայաստանյան քաղաքական ու քաղաքացիական անցուդարձին, Նախախորհրդարանի քարտուղարության անդամը նկատեց, որ քաղաքացիական ակտիվ պայքարի դրսևորում էր, ի տարբերություն քաղաքական ուժերի, որոնք ամռանը գնում են արձակուրդ:
Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, թե այս դաշտում եղած գործողությունները դուրս եկան «գործող գլխավոր ադմինիստրատորի կողմից» վերահսկողությունից: Ժիրայր Սեֆիլյանը այս առումով առանձնացրեց իր խոսքով՝ «հարյուրի շարժման» հաջողությունը («Վճարելու ենք 100 դրամ» նախաձեռնությանը -Tert.am) այն առումով, որ տարբեր քաղաքացիական խմբեր կարողացան ակտիվ գործակցել այդ գաղափարի շուրջ, թեև սկզբնական շրջանում ՀՀ քաղաքացիների մեծ մասը չէր հավատում, որ հնարավոր է իշխանություններին պարտադրել ուղեվարձի իջեցում:
Այս դեպքերին հաջորդած «տարաբնույթ ակտիվությունների» ՝ քաղաքապետարանի մոտի մշտական ցույց, Կոմիտաս 5-ի շինարարության դեմ բակային պայքար և այլն, մի մասը, Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ, արդյունք տվել են, մի մասը՝ ոչ:
Նախախորհրդարանի անդամը ամառվա ընթացքում տարաբնույթ բողոքի ակցիաների մասին խոսելիս որպես «երկրորդ կողմ» իշխանություններին և ոստիկանությանը ներկայացնում էր «հակառակորդ» բառով և մի անգամ օրինակ՝ նշեց.« հակառակորդը անցավ հակահարձակման»:
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ այս ամենի ընթացքում «հակառակորդը» շատ ավելի ուժգին և մեծածավալ բիրտ ուժ կիրառեց, քան անցած բոլոր տարիներին միասին վերցրած: Նա այն կարծիքին է, որ իշխանությունները «ստիպվելու» են հրաժարվել այս մարտավարությունից, քանի որ չունեն Հյուսիսային Կորեայի ռեժիմը մի կողմից, և մյուս կողմից, Հայաստանն ունի սփյուռք, որի պարագայում հնարավոր չէ երկիրն ամբողջական տոտալիտար վիճակի հասցնել:
Անդրադառնալով քաղաքացիական պայքարին, Նախախորհրդարանի անդամը նկատեց, որ իշխանությունները կիրառում են հետևյալ սխեման. սկզբում իրենց վերահսկողությունից դուրս տարրերին՝ անհատներին, խմբերին փորձում են կաշառել, վախեցնել, եթե չի օգնում՝ կաշառքի չափն են բարձրացնում, հետո, եթե սա էլ չի աշխատում, անցնում են ֆիզիկապես պատժելուն կամ քրեական հետապնդումներին:
Խոսելով ազատամարտիկ, ներկայում կալանքի տակ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի դեպքին, նա նշեց.«Սոցիալական դրոշակ էր բարձրացրել, բայց ինքը տեղյակ էր, որ քաղաքական պայքար էր տանում և շատ լավ գիտեր, որ սա պետություն չէ և գալիս էր դեպի բացահայտ քաղաքական պայքարի»։
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանին ճանաչում է 1991-1992 թվականներից և միասին մասնակցել են շատ լուրջ մարտական գործողությունների:
«Ամենաակնառու, պինդ, նվիրված երիտասարդներից էր, որ կանգնած է եղել Լեոնիդ Ազգալդյանի կողքին որպես աջ բազուկ»,- նրան այսպես բնորոշեց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա տեղեկացրեց, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ևս գործել է վախի ու կաշառման նույն սխեման, և ավելացրեց, որ մեկ առ մեկ գիտի, թե ովքեր են հանդիպել նրան, տարհամոզել հետ կանգնելու պայքարից: Ըստ նրա՝ սկսել են «փոքրից» և հասել ամենաբարձր մակարդակի՝ մինչև Բաղրամյան 26: Այդ մասին Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իրեն տեղյակ է պահել Վոլոդյա Ավետիսյանն անձամբ։










