ԱՄՆ հատուկ ծառայությունը խոստովանել է, որ հետևել է Մարտին Լյութեր Քինգին
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնազերծել է Վիետնամի պատերազմի տարիներին ներքին հետախուզության թիրախների մասին տվյալները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Foreign Policy-ին: Նրանց թվում են հայտնվել բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ, ովքեր դեմ են եղել ռազմական գործողություններին:
Պարզվել է, որ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է Մարտին Լյութեր Քինգին, ով պայքարել է ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների համար, ինչպես նաև մեկ այլ իրավապաշտպան Ուիթնի Յանգին: Նրանցից բացի, ցանկում են հայտնվել բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին, The New York Times-ի լրագրող Թոմ Ուիքերը և The Washington Post-ի սյունակագիր Արտ Բուխվալդը:
Ենթադրաբար, ցանկը գոյություն է ունեցել 1967-ից 1973 թվականներին: Այդ ընթացքում Ազգային անվտանգության գործակալությունը հետևել է ԱՄՆ 1.650 քաղաքացիների, ովքեր մասնակցել են հակառազմական շարժմանը: 1969 թվականին, երբ գործողությունն իր գագաթնակետին էր հասել, հատուկ ծառայությունը լրտեսել է ամսական 150 հազար հեռախոսազանգ, հեռագիր և հաղորդակցության այլ միջոցներ:










