«Շերեմետևոյում» 20 մլրդ եվրո գումարով օդանավ է կանգնած. հասցեատիրոջը չեն գտնում. Московский Комсомолец

12:34 • 26.09.13

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում 20 000 000 000 եվրոյով ինքնաթիռ է կանգնած, որը մի քանի տարի է «չի գտնում» իր հասցեատիրոջը. այս պատմությունը բացահայտել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

 

Ըստ այդմ` առեղծվածային օդանավն օդանավակայանում է 2007-ից ի վեր: Դրա միջի փողը` 20 մլրդ եվրո, իսկական է, սակայն հայտնի չէ, թե ում է ուղղված 200 տոննա կշռող այդ կանխիկ գումարը. հասցեատիրոջ հետքերը չեն գտնում, իշխանություններն էլ չեն կարողանում բռնագրավել, չնայած անգղների պես պտտվում են ինքնաթիռի շուրջը:

 

Ենթադրվում է, որ դա Սադամ Հուսեյնի կորած գանձերն են, որ մինչ օրս ապարդյուն փնտրում է ամերիկյան հետախուզությունը: Պաշտոնապես` ըստ փաստաթղթերի, Ֆրանկֆուրտից Ռուսաստան եկած այդ թանկ բեռի հասցեատերը ոմն Ֆարզին Կորորյան Մոտլակն է` Իրանից:

 

Աղբյուրը նշում է, որ այդ գումարը մի քանի փոքր երկրի տարեկան բյուջե է, որ դրանով հնարավոր կլիներ, օրինակ, տապալել ԱՄՆ-ի պես երկրի տնտեսությունը:

 

Պատմությունն առավել անհասկանալի է, քանի որ գումարն ուղղված է «Բարի մարդկանց աշխարհ» բարեգործական հիմնադրամին, որն իր հերթին ուկրաինական է: