Կառավարությունը կրկին մերժել է ԲՀԿ-ին. այստեղից ասում են՝ ոչինչ, մեզ լավ օրեր սպասում են

10:12 • 26.09.13

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի ներկայացրած՝ խորհրդային տարիներին ավանդների փոխհատուցման մասին օրինագիծը, որին բացասական եզրակացություն է տրված:


Tert.am-ի հետ զրույցում օրենքի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի էլ հետևում կառավարության նիստերում իրենց ներկայացրած օրենսդրական նախագծերի քննարկման ճակատագրին, քանի որ իր համար «միանշանակ պարզ է, որ այդ նախագծերը մերժվելու են»:


«Քանիցս խնդրին անդրադարձել եմ, որ երևի թե «ԲՀԿ» անունը լսելիս այս կառավարության որոշ անդամների մոտ ադրենալինի դոզան բարձրանում է, և սթափ դատելու, կշռադատելու ցանկացած մոտիվացիա ուղղակիորեն վերանում է, և մնում է մեկ իմպերատիվ մոտիվացիա` մերժել ցանկացած նախագիծ, որը ներկայացվում է ԲՀԿ-ի կողմից: Բայց, ինչպես ասում էր հայտնի դասականը, սև օրեր են, կանցնեն, կգնան: Ես հույս ունեմ, որ մեզ լավ օրեր սպասվում են»,- ասաց նա:


Ինչպես օրենքի մյուս հեղինակը Միքայել Մելքումյանը նշեց՝ օրենքի նախագծով նախատեսված չէ գործող կարգից «ավել» գումարների տրամադրում, պարզապես հեղինակային խումբը օրենքի նախագիծը պատրաստելիս առաջնորդվել է մի քանի սկզբունքներով, որոնցից առաջինով առաջարկվում է վերացնել գործող օրենքում տարիքային սահմանափակումները, ավելացնել բյուջեի եկամուտների ավելացման հետ միասին ոչ թե ավանդների փոխհատուցման չափը, այլ այն ստացողների ընդգրկման զանգվածը:


«Այսինքն` եթե բյուջեից բյուջե եկամուտներն ավելանում են, ավանդները պետք է ավելի շատ մարդկանց կարճ ժամկետում տրվեն»,- մեկնաբանեց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ չորրորդ կարևոր հանգամանքը ժառանգման իրավունքի հարցն է, այսինքն՝ որպեսզի մահացած մարդու ավանդը ստանան նրա ժառանգները: Կան դրույթներ նաև ազատամարտիկների և հաշմանդամների հետ կապված, որ նրանք նույնպես առաջնահերթ ստանան փոխհատուցումը:

Թեև կառավարությունը նշում է, որ նախագծով առաջարկվող՝ ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակականությունը համահունչ է կառավարության՝ սոցիալական ոլորտում որդեգրած քաղաքականությանը, միաժամանակ հայտնում է, որ մի շարք առարկություններ ունի օրենքի կարգավորման հետ կապված, ինչի հանրագումարից ելնելով նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Նախագծի 1-ին հոդվածի համաձայն` օրենքի գործողությունը չի տարածվում մինչև օրենքի ընդունումը ծագած հարաբերությունների վրա: Կառավարությունը հայտնում է, որ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի պահանջների՝ հետադարձ ուժ կարող է տրվել հիշյալ օրենքով, այլ օրենքներով և տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում: Ուստի օրենքի հետադարձ ուժի կիրառումն արգելելու դրույթի նախատեսումը հասկանալի չէ:


Այդպես էլ չնշելով, որ մերժման պատճառը անհրաժեշտ գումարների բացակայությունն է, կառավարությունը՝ որպես մերժման մյուս հիմք նշում է, որ նախագծում առկա են ներքին հակասությունները, որ առկա են հստակեցման և խմբագրման կարիք ունեցող դրույթներ:


Ի պատասխան հարցի , թե որքա՞ն լրացուցիչ գումար էր անհրաժեշտ օրենքի նախագծի ընդունման համար, Միքայել Մելքումյանն ասաց, որ բացարձակ թվով չեն հաշվել և ավելացրեց. «Մենք նայել ենք կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագիրը և եկամուտների կանխատեսումը, մեկ էլ` 5-7 տոկոս տնտեսական աճի` կառավարության ծրագրավորումը: Այսինքն` ՀՆԱ-ի 1 տոկոսի աճը ինչքա՞ն եկամուտներ է ավելացնում բյուջեում, էդ բոլորը, որ մասնագիտորեն hամադրել ենք, տեսել ենք, որ մեր դրած խնդիրները, այդ շեմի դեպքում լիովին բավարարվում են: Մենք որևէ արտառոց բան չենք վերցրել»:


Նշենք, որ օրինագիծն ամբողջությամբ կոչվում է՝ «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին»: