Ռուսաստանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է դահլիճը ՄԱԿ-ում Սաակաշվիլու ելույթի ժամանակ

09:52 • 26.09.13

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ելույթի ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է դահլիճը, հայտնում է BBC-ն:

 

Ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքով՝ դա արվել է «ի նշան անհամաձայնության այն գնահատականների հետ, որ պարոն Սաակաշվիլին հնչեցրել է Գլխավոր ասամբլեայի ամբիոնից»:

 

Իր ելույթում Սաակաշվիլին կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանի իշխանություններին և նրանց վարած արտաքին քաղաքականությունը:

 

Սաակաշվիլին ասել է մասնավորապես, որ ի տարբերություն շատ երկրների, Ռուսաստանը շահագրգռված չէ իր հարևանների կայունությամբ և մերժում է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ուժեղ կառավարությունների բուն գաղափարը: Ըստ նրա` Մոսկվան հասկանում է, որ հենց ուժեղ կառավարություններ ստանձնեն իշխանությունը, այդ երկրներն անկախ կդառնան և կսկսեն մերձենալ ԵՄ-ի հետ:

 

Այդ ամբիոնից Սաակաշվիլին ևս մեկ անգամ խոսել է Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի մասին, քննադատել Եվրասիական միության գաղափարը:

 

Ի պատասխան ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը «զառանցագին մտորումների հավաքածու» է անվանել Սաակաշվիլու ասածները, իսկ ռուսական ԶԼՄ-ներն առաջարկել են ստուգել Վրաստանի նախագահի հոգեկան առողջությունը: