Համաներումը կարևոր է երկրի համար հատկապես, երբ ՔԿՀ–ներում տեղ չկա. Աղվան Վարդանյան

16:25 • 30.09.13

Թեև համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկը դեռ չի բաժանվել պատգամավորներին, և հետևաբար, կարծիքներ ու գնահատականներ չկան, սակայն ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաներում հայտարարելը կարևոր է համարում երկրի համար:

«Հատկապես այն դեպքում, երբ քրեակատարողական հիմնարկներում այլևս տեղ չկա»,– լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Ըստ Աղվան Վարդանյանի՝ կան կալանավորներ, որոնք թեթև հանցագործություններ են կատարել, զանցանքներ, և համաներման կազմակերպման ճիշտ աշխատանքի արդյունքում նրանց նկատմամբ կարող է համաներում կիրառվել:

«Ինչի հետևանքով նրանք չեն մնա կալանավայրերում և հետո հանրության մեջ չեն տարածի բանտի ավանդույթները»,– նշեց նա:

Ի պատասխան հարցի, թե «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ՀՅԴ-ն համարո՞ւմ է քաղբանտարկյալ, և հնարավո՞ր է, որ համաներման որոշումը կայացվել է ինչ-ինչ ճնշումների արդյունքում, դաշնակցական պատգամավորը նշեց.«Համաներումը շատ լայն հասկացություն է և տարածվում է հազարավոր մարդկանց վրա և այս պարագայում չեմ ես ճնշումները բացառում եմ»:

Աղվան Վարդանյանը Տիգրան Առաքելյանի դեպքում խուսափեց օգտագործել «քաղբանտարկյալ» բառը, բայց նշեց, որ նա մեկ չափանիշով համապատասխանում է այդ եզրույթի հինգ չափանիշներից մեկին:

Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի նշանակման հարցում խմբակցության դիրքորոշմանը, ապա Աղվան Վարդանյանը հայտարարեց.«Մենք հանդիպել ենք թեկնածուի ետ, լսել ենք նրա պատկերացումները, և ֆրակցիայի դիրքորոշման մասին կհայտարարվի»: