Պուլիտցերյան մրցանակակիրը Բեն Լադենի սպանությունը կեղծիք է համարում
Հայտնի ամերիկացի լրագրող Սեյմուր Խերշը հայտարարում է, որ թիվ մեկ ահաբեկչի սպանությունը Պակիստանում կեղծիք է, գրում է Комсомольская правда-ն։
«Ոչինչ չի եղել, այս ամենը մի մեծ սուտ է։ Այնտեղ ոչ մի ճիշտ բառ չկա»,- ասել է նա բրիտանական Guardian պարբերականին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի, Ուսամա Բեն Լադենը գնդակահարվել է ամերիկյան հատուկ նշանակության ուժերի կողմից 2011թ. մայիսի 2-ին Իսլամաբադի արվարձանում, իսկ նրա դիակի մնացորդները նետվել են Արաբական ծով։ Ոչ մի լուսանկար և տեսագրություն աշխարհն այդ ժամանակ չի տեսել. Սպիտակ տունը դա նրանց «սարսափելի» լինելով է պատճառաբանել։
Իսկ թե ինչու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին անհրաժեշտ եղել նման հորինված պատմություն, 76-ամյա լրագրողը համարում է կանխատեսելի՝ 2012թ. նախագահական ընտրությունները։
«Նման դեպքերում նրանք օգուտ են քաղում և աշխատում են նախագահին վերընտրելու ուղղությամբ»,- ասել է Խերշը։










