ԵՄ-ն պետք է գնա նրան, որ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ ստորագրվի. Գագիկ Մակարյան

12:25 • 30.09.13

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ Եվրոպական միությունը պետք է գնա նրան, որ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ ստորագրվի:


ՄՄ-ի և Ասոցացման համաձայնագրի մի քանի խնդիրներ մատնանշելով՝ նա այսօր կայացած ասուլիսին ասաց, որ մինչև հիմա հասարակությունը հստակ չգիտի, թե որոնք են այդ երկու միությունների առավելություններն ու թերությունները:


«Մաքսային միության ներսում պետք է գործեն Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքները, մյուս կողմից մեր իշխանություններն են հայտարարում, որ կողմ են դրան, և այստեղ ընդամենը պետք է Ասոցացման համաձայնագրում որոշ կետեր փոխել, հարմարեցնել Մաքսային միության հետ և ստորագրել»,– ասաց նա:


«Մեծ ութնյակը ստորագրեց արձանագրություններ, որտեղ ՄՄ-ի կազմում պետք է գործեն ԱՀԿ-ի կանոնները, և վերաբերմունքը պետք է հավասար լինի: Իսկ ովքե՞ր են Մեծ ութնյակի անդամները. եվրոպական չորս խոշոր երկիր կա: Եվ այս ամբողջության մեջ ես հայտարարում եմ, որ ԵՄ-ն պետք է գնա ստորագրման, պետք է պայմանագրում փոփոխություններ մտցնի»,– ավելացրեց նա:

Բանախոսի ներկայացմամբ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրում ներառված են մի քանի կետեր, որոնք տնտեսական առումով թույլ են տալու մրցակցություն ապահովել, առևտրի այդ կանոնները բոլոր երկրների համար դառնում են հավասարաչափ կիրառելի:


«Ասոցացման համաձայնագրում էական մինուսներ չեմ տեսնում, իսկ եթե չունենք ուժեղ տնտեսություն, բնական է, որ ավելի շատ ներմուծելու ենք, քան արտահանելու»,- ասաց նա:


Ըստ Գագիկ Մակարյանի՝ ԵՄ-ն քաղաքական վրիպում է թույլ տվել՝ անտեսելով Մաքսային միության ստեղծման պայմանագիրը:


«Հայաստանը սկզբունքորեն պատրաստ է նոյեմբերին նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ես հարց եմ տալիս Եվրոմիությանը. արդյոք դուք վստա՞հ եք, որ մինչ այդ որևէ նոր խնդիր չի առաջանա, իսկ հավանականությունը, որ կպատահի, զրո չէ: Վրաստանում ընտրություններ են և այլն»,- ասաց նա և անդրադառնալով ԵՄ-ի արձագանքին՝ ավելացրեց. «Եթե ԵՄ-ն ինքն է համարում, որ կան ճնշումներ, մեր երկիրն էլ չի հայտարարում, որ եղել են ճնշումներ Ռուսաստանի կողմից, ապա ինչո՞ւ այդ տեսանկյունից չդնել վերջակետ և ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիրը»: