Սյունիքում ընտրություններն անազատ էին և անարդար. «Ժառանգություն»

16:17 • 30.09.13

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ՝ դրանք գնահատելով որպես անազատ և անարդար:

Հայտարարությունում, ասվում է.

«Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում ենք որպես անազատ և անարդար:

Ընտրությունների ընթացքում և դրան նախորդած նախընտրական շրջանում տեղ գտած խախտումներն էապես ազդեցին արդյունքների վրա՝ ետ պահելով հազարավոր ընտրողների իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց՝ ընտրություններին մասնակցելուց, ինչի պատճառով դրանք առանձնացան ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշով:

Մտնելով այս ընտրապայքարի մեջ, «ժառանգությունը» քաջ գիտակցում էր իր թեկնածուին սպասվող բոլոր դժվարություններն ու ռիսկերը: Սակայն լինելով մասնակցային քաղաքականության կողմնակից, մենք չէինք կարող առանց այլընտրանքի թողնել գործող ապօրինի իշխանությունների առկայության հետ չհամակերպվող ընտրողներին՝ անկախ այն բանից, թե նրանց որ մասը կմասնակցեր ընտրություններին:

Արդեն սեպտեմբերի 25-ին՝ ընտրություններից 4 օր առաջ, դրանք մթագնեցին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզչության խոչընդոտմանն ուղղված գործողությամբ, որն իրականացվեց իշխանությունների լռելյայն թողտվությամբ: Իսկ ընտրությունների նախօրեին իշխանությունները կիրառեցին իրենց «փորձված» ապօրինությունը՝ համատարած ընտրակաշառք բաժանելով ընտրողներին թե՛ 5000-ական դրամների և թե՛ գյուղապետերի և ՀՀԿ այլ պաշտոնյաների կողմից բակերում կազմակերպված զանգվածային նախընտրական «հյուրասիրությունների» տեսքով: Պատկերն ամբողջացրեց վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես՝ ընտրողներին ընտրատեղամաս բերելու և նրանց ուղղորդելու հայտնի փորձը:

«Ժառանգության» թեկնածու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը, ում մարտական և քաղաքացիական խիզախությունն ուսանելի օրինակ է շատ շատերի համար, որոշել է բողոքարկել ընտրության ընթացքն ու արդյունքը:
«Ժառանգությունը» շարունակելու է օրինականության ու սահմանադրական կարգի հաստատման համար պայքարը՝ աջակցելով դիմադրության օջախներին՝ ընդդեմ դե ֆակտո իշխանությունների կամայականությունների և հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի»: