Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստին նստեց Արամ Մանուկյանի կողքը և առանձնազրույց ունեցավ (տեսանյութ)
Ազգային ժողովի նիստերի ժամին այսօր, երբ խորհրդարանը քննարկում էր «Հանրային հեռուստաընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաղորդումը»՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, նստեց նրա կողքը, և շուրջ երկու րոպե առանձնազրույց ունեցավ նրա հետ։
Նիստի ընդմիջմանը Արամ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչն էր ԱԺ նախագահին ստիպել առանձին զրույց ունենալ ընդդիմադիր պատգամավորի հետ։
Արամ Մանուկյանը պատասխանեց, որ հարցը վերաբերում էր կոնվենցիային, որն իրենք առաջարկել էին մտցնել օրակարգ։
«Վերաբերում էր տուժածներին պետության կողմից կոմպենսացիա տալու մասին կոնվենցիային, որը պետք է քառօրյա օրակարգում ընդգրկվեր։ Մենք ասել էինք, որ այս քառօրյային ենք առաջարկում մտցնել, բայց ինքը ուղարկել էր փորձաքննության։ Այդ էր ուրիշ բան չկար»,- հավատացեց նա։










