Պակիստանում 2 երեխաների մորը քարերով սպանել են բջջային հեռախոս ունենալու համար
Պակիստանում երկու երեխաների մորը քարերով սպանել են նրա իսկ բարեկամները՝ կնոջ մոտ բջջային հեռախոս հայտնաբերելուց հետո։ ՄԱԿ-ի ակտիվիստները պահանջում են միջազգային մակարդակով արգելել նման մահապատիժը, գրում է pravda.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ին։
Համաձայն պաշտոնական տվյալների՝ մահապատժի այդ տեսակը, որը հայտնի է որպես մահապատիժ քարերով, գործում է 15 երկրներում և շրջաններում, և պակիստանցի Արիֆա Բիբիի դեպքը բացառիկ չէ։
Մարդու իրավունքների հարցով ակտիվիստներն անհանգստանում են, որ այնպիսի երկրներում, ինչպես Պակիստանն է, Աֆղանստանը և Իրաքը, նման մահապատիժների թիվը միայն կավելանա։ Այդ պատճառով էլ նրանք միջազգային արշավ են սկսել՝ կոչ անելով արգելել մահապատիժը, որին առավել հաճախ դատապարտվում են կանայք։
Twitter-ի և այլ սոցկայքերի օգնությամբ նրանք փորձում են իրենց գաղափարը հասցնել անձամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին։
«Քարերով սպանությունը դաժան է»,- ասել է «Մուսուլմանական կանոններով ապրող կանայք» միջազգային իրավական խմբի ներկայացուցիչ Նաուրին Շամիմը։
Հայտնի է, որ Ղուրանում չկա քարերով մահապատժի մասին հիշատակում, և մուսուլմանական երկրների մեծամասնությունում այն արգելված է։ Սակայն ոմանք կարծում են, որ նման գործողությունները հավանության է արժանացրել Մուհամեդ մարգարեն։










