Տեղի է ունեցել օրենքի խախտում, այդ թվում և Ձեր մասնակցությամբ. Փաշինյանը՝ Հովիկ Աբրահամյանին
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստերի դահլիճում իր ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրեց օրենքի խախտմանը մասնակից լինելու մեջ, ինչին ԱԺ նախագահը պատասխանեց՝ ասելով,որ ընդդիմադիր պատգամավորը խոսում է միայն խոսելու համար։
Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստին փորձեց ԱԺ նախագահից ճշտել, թե ինչու է ՀՀ գլխավոր դատախազն անտեսում Սահմանադրությունը՝ ԱԺ չներկայացնելով տարեկան հաշվետվություն։
«Ե՞րբ է Հայաստանի գլխավոր դատախազը վերջին անգամ հաղորդում ներկայացրել ԱԺ, եթե եղել են տարիներ, երբ չի ներկայացրել, ո՞րն է պատճառը»,-հարցրեց նա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հակադարձեց, որ համամիտ չէ այդ կարծիքին, թե դա հակասահմանադրական է:
«Այն, որ Սահմանադրությունը խախտվել է, համամիտ չեմ, դա Ձեր կարծիքն է, որ հնչեցնում եք, դրա իրավունքն ունեք: Ես պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի առջև այդ հարցը բարձրացրել եմ, նշել եմ, որ գլխավոր դատախազը պետք է հաշվետվություն ներկայացնի: Դրան ես կողմնակից եմ, ամեն ինչ անելու եմ, որ նա ներկայացնի հաշվետվություն»,- ասաց նա:
Ավելին, ըստ Հովիկ Աբրահամյանի՝ դեռևս չի եղել դեպք, որ գլխավոր դատախազն ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնի, պատճառն, ըստ նրա, կանոնակարգ-օրենքի ոչ հստակ ձևակերպումն է:
Փաշինյանը ստիպված էր օրենքը մեջբերելով հստակ ձևակերպել պահանջը։ «Օրենքն ասում է, Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի ՀՀ ԱԺ-ին ներկայացնում է հաղորդում Դատախազության նախորդ տարվա գործունեության մասին։ Այնպես որ, Ձեր մեկնաբանությունը տեղին չէ , ակնհայտ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, այդ թվում նաև ձեր մասնակցությամբ»,- հայտարարեց նա։
Այնուհետև պատգամավորն անդրադարձավ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործին և հայտարարեց, որ անազատության մեջ պահվող Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է՝ ավելացնելով, որ 100 քաղաքական գործիչներ, մտավորականներ, ակտիվիստներ և նաև 8 պատգամավորներ միջնորդություն են ներկայացնել Վերաքննիչ դատարան՝ պատրաստակամություն հայտելով անձնական երաշխավորությամբ հանդես գալ, որպեսզի նրա խափանման միջոցը դատարանը փոխի։
Մինչդեռ ըստ նրա, դատարանը թողնելով նույն խափանման միջոցը, ևս մեկ անգամ հաստատեց փաստը, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց իրեն գլխավոր դատախազի լիազորություններ չվերագրել և մեղադրանքներ չհնչեցնել: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Դուք ուղղակի խոսում եք խոսելու համար»,- ասաց նա:










