«Ժառանգության» թեկնածուն կբողոքարկի թիվ 38 ընտրատարածքի քվեարկության արդյունքներ

13:30 • 30.09.13

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում երեկ տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, պարտություն կրած «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը պատրաստվում է բողոքարկել քվեարկության արդյունքները, ինչի մասին շուտով հայտարարությամբ հանդես կգա:

«Հիմա տեքստի վրա ենք աշխատում այն մասին, որ ընտրություններն ընթացել են մեծ կեղծիքներով, այսինքն՝ օգտագործել են բոլոր իշխանական լծակները, իշխանական ռեսուրսն իրենց քաղաքապետերով, իրենց մարզպետերով, իրենց կոմբինատի դիրեկտորներով, բոլոր գյուղերի գյուղապետերով մեկ հոգու դեմ են դուրս եկել, չհաշված՝ բաժանել են մեծ քանակությամբ ընտրակաշառք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դեռ ընտրությունները չավարտված ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Կարապետյանի հայտարարությունը, թե ինքը հաղթել է։ Սամվել Հայրապետյանը սա մեկնաբանեց այսպես. «Հա, բա փող բաժանած թեկնածուն չի ասի՞, որ ինքը հաղթել ա»:

Ժառանգության» թեկնածուն ասաց, որ հիմա սկսել են հավաքել ընտրակեղծիքների մասին փաստեր, թե ով որ թաղամասում ինչեր է արել, և դրանք հավաքելուց հետո արդեն կդիմեն դատարան: Իսկ հարցին, թե ինչ փաստեր ունեն, նա պատասխանեց. «Որ գյուղ ու քաղաք էլ մտնես, որ մեկին հարցնես, բոլորն էլ կպատմեն, թե ինչ է եղել, գյուղապետը ինչպես է աշխատել, ում ինչ են խոստացել»:

Սամվել Հայրապետյանը նաև ասաց, որ երեկ, դեռ ընտրությունները չավարտված ինքը մտել է թաղապետարան, որտեղ «սեղան գցած քեֆ էին անում»:

Ոստիկանության գործողությունների մասով էլ թեկնածուն նշեց, որ ինքն առանձնապես հույս էլ չուներ, որ ոստիկանությունն ինչ-որ բան կանի. «Ոստիկանությունը ոչ մի բան էլ չարեց, դու հավատո՞ւմ ես, որ մի բան կանի, ոստիկանությունը ո՞նց կարա Մաքսիմ Հակոբյանից անցնի»:


Լուսանկարը՝  aravot.am-ի