Թուրքիայում տենդերը շահած չինական ընկերությունը ներառված է ԱՄՆ-ի «սև ցուցակում»
Չինական CPMIEC ընկերությունը, որը Թուրքիայում շահել է գործողության հեռահար շառավղով հրթիռների ստեղծման տենդերը, ներառված է ԱՄՆ-ի «սև ցուցակում», ինչի մասին տեղեկացնում է CNN Turk-ը։
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստի շրջանակներում հայտարարվել է, որ տենդերը շահել է չինական CPMIEC ընկերությունը, որի ներկայացրած նախագիծը տեխնիկական առումով առաջ է անցել ռուսական, ամերիկյան ու ֆրանս-իտալական ընկերություններից։ Հեռահար գործողության շառավղով հրթիռները ստեղծվելու են թուրք արտադրողների հետ համագործակցության արդյունքում։
Ըստ հեռուստաալիքի ունեցած տվյալների՝ CPMIEC-ը «սև ցուցակում» է հայտնվել Իրանում, Հյուսիսային Կորեայում և Սիրիայում ծավալած գործունեության համար։
Վերջին տարիներին Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում կենտրոնացել է սեփական արտադրանքի արտադրության վրա, ինչի արդյունքում երկիրն այժմ կարողանում է 54%-ով ինքնասպասարկում իրականացնել, հայտնում է աղբյուրը։










