Վարչախումբը ինձ բանտարկեց շինծու մեղադրանքով. Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը

20:10 • 30.09.13

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալված ազատամարտիկ  Վոլոդյա Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «վարչախումբը իրեն բանտարկել է շինծու մեղադրանքով»:

 

Հայտարարության մեջ ասվում է. «Երբ ամիսներ առաջ իմ մարտական ընկերների հետ միասին սկսեցի պայքարել ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի համար, նպատակ ունեի նաև ինչ որ չափով նպաստել մեր պետականության ամրապնդմանը:

 

Այդպես էի մտածում, որովհետև համոզված էի և այժմ էլ համոզված եմ, որ պետականությունը հենվում է այն կերտած մարդկանց վրա: Մեր երկրի պարագայում այդ մարդիկ ազատամարտիկներն են: Եվ եթե ազատամարտիկներն արժանապատիվ կյանքով չեն ապրում, եթե անտեսված են ու մոռացված, ուրեմն վտանգված է նաև պետականությունը:

 

Ուստի մեր պայքարը, սոցիալական լինելով հանդերձ, խորքում ազգային-պետական արմատներ ունի և այդ պատճառով շատ ավելի քաղաքական է, քան, օրինակ, կուսակցությունների գործունեությունը և միջկուսակցական պայքարը:

 

Պայքարի սկզբում ես և իմ ընկերները գիտակցում էինք, որ պետական համակարգն արատավոր է: Միևնույն ժամանակ, հույս ունեինք, որ ազատամարտիկների` փողոց ու հրապարակ իջնելը կսթափեցնի օրվա կառավարիչներին և նրանք կսկսեն համապատասխան քայլեր ձեռնարկել:

 

Զինծառայության ավելի քան երկու տասնյակ տարիների ընթացքում շատ բան էի տեսել, բայց չէի պատկերացնում, որ պետական համակարգը հասել է քայքայման ու ինքնափլուզման շեմին: Ամիսներ շարունակ հակառակ կողմից առնչվելով պետական համակարգի և նրա բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հասկացա, որ նրանք չեն ճանաչում, չեն ընդունում և չեն հարգում մեր պետականությունը և այն կրող մարդկանց` ազատամարտիկներին: Եվ դա անում են գիտակցաբար` հանուն իրենց անձնական ու խմբակային շահերի: Քանի որ նրանց և մեր պետականության ու ժողովրդի շահերն իրար հակասում են:

 

Ինձ համար այլևս փաստ է, որ մենք չունենք ազգային պետություն: 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը կիսատ է մնացել: Այն, ինչ այսօր կոչում են պետություն, իրականում մեր ժողովրդին կեղեքող ու մեր պետականությունը կործանող մի համակարգ է, որը նման է իր տակի ճյուղը կտրող մարդու: Եթե նրա ձեռքը չբռնենք, բոլորս միասին կործանվելու ենք: Իսկ այդ ձեռքը կարող ենք բռնել միայն ազգային-ազատագրական պայքարը ավարտին հասցնելով և ազգային պետություն կառուցելով:

 

Այս մասին վերջին շրջանում բազմիցս բարձրաձայնել եմ և արդեն պատրաստվում էի հանդես գալ պայքարի սոցիալական դրոշը ազգային-պետական բնույթի քաղաքականով փոխարինելու նախաձեռնությամբ: Մտադիր էի իմ աջակցությունը հայտնել Նախախորհրդարանին, քանի որ նա է պարզել ազգային-ազատագրական պայքարը ավարտին հասցնելու և հայկական պետություն կառուցելու դրոշը:

 

Իմ այս քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով, վարչախումբը ինձ բանտարկեց շինծու մեղադրանքով: Սակայն նրա ջանքերն իզուր են, ես պայքարելու եմ մինչև հաղթանակ:

 

Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին և մեր ժողովրդին` ոչ մի դեպքում չնահանջել և միանալով ազգային-ազատագրական պայքարին`իրականություն դարձնել ազգային պետության կառուցման մեր երազանքը»: 

 

Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ.–ին։ Նա մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: 

 

Հիշեցնենք նաև, որ Գյումրիի, Վանաձորի և Ապարանի մի խումբ վետերան ազատամարտիկներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի և նշում են, որ ձերբակալությունը հատուկ նպատակ ունի: