Ռուսական զինուժը Տաջիկստանում կմնա ևս 30 տարի
Տաջիկստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է ռուսական ռազմաբազայի մասին համաձայնագիրը, որի համաձայն ռուսական զինուժն այդ երկրում կմնա նաև առաջիկա 30 տարիներին, հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:
Աղբյուրը Տաջիկստանը բնորոշում է «ոչ կայուն կենտրոնասիական երկիր, որը կարող է անվտանգության նոր սպառնալիքների բախվել, երբ ՆԱՏՕ-ի ուժերը լքեն Աֆղանստանը»:
Թիվ 201 ռազմաբազան Տաջիկստանում Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող ամենախոշոր ռուսական ռազմաբազան է: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ու ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան համաձայնագիր էին ստորագրել անցած տարվա հոկտեմբերին:
Գործարքին մոտ աղբյուրները հայտնել են, որ գործընթացը վերջնական արդյունքի հասցնելը մեկ ամբողջ տարի է պահանջել, քանի որ Տաջիկստանը մի շարք պահանջներ է ներկայացրած եղել Ռուսաստանին:










