Արտակ Բուդաղյանի վրա տարածվում է համաներումը, բայց նա համաներումից հրաժարվելու է
Առաջիկայում հայտարարվելիք համաներումը տարածվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված Արտակ Բուդաղյանի վրա, սակայն նա և իր շահերի պաշտպանը դեմ են լինելու, որպեսզի այն կիրառվի, այս մասին Tert.am–ին իր և իր պաշտպանյալի անունից ասաց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Եթե մենք դեմ ենք, ոչ ոք իրավունք չունի այն կիրառել, առանց մեր համաձայնության»,- ասաց փաստաբանը և ավելացրեց.«Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս գործը քննվի դատարանում, և բոլոր նրանք, ովքեր խավար են սիրում, մենք էդ խավարասերներին կբերենք դատարան»,– ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը:










