Հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր. ակցիա կառավարության շենքի առաջ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան այսօր նախաձեռնել է 12-ժամյա խաղաղ հավաք կառավարության շենքի դիմաց: Հավաքը սկսվել է առավոտյան ժամը 9-ին և կշարունակվի մինչև երեկոյան 21-ը: Այսուհետ կոալիցիան ամեն տարի հոկտեմբերի մեկին նշելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր», որի խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը՝ առողջ և ամուր ընտանիք կերտելու համար:
Կոալիցիան նաև նամակ փոխանցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որով կոչ է անում կառավարությանը կատարել խոստումը և ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:
«Ովքեր դեմ են բռնությանը, պետք է կանգնեն մեր կողքին, և մեր նամակի բովանդակությունն այն է, որ կառավարությունն աջակցի, որ այս օրը դառնա ընդդեմ կանանց բռնության ազգային օր և ընդունի օրենքը»,- Tert.am-ին ասաց «Հասարակություն և բռնություն» ՀԿ անդամ Աննա Նիկողոսյանը:










