Մոտ 400-500 դատապարտյալ համաներմամբ անմիջապես ազատ կարձակվի. Հրայր Թովմասյան

16:34 • 01.10.13

ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի առաջարկած համաներման նախագծով, որն այժմ քննարկման է դրված Ազգային ժողովում, նախնական վերլուծությունների արդյունքներով, կալանավայրերից անմիջապես մոտ 400-500 դատապարտյալ ազատ կարձակվի, այս մասին նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

Նախարարը, սակայն նշեց, որ այս պահին ստույգ թվեր չունեն, թե քանի կալանավորի կվերաբերի համաներումը, իսկ պատճառն այն է, որ փաստաթուղթը հասու չի եղել այն մարդկանց, ովքեր իրականացնում են հաշվարկները։

Հրայր Թովմասյանը նաև ասաց, որ ծանր հանցագործություն կատարած անձինք նույնպես պետք է իրավունք ունենան օգտվել համաներումից, և այդ պատճառով այս համաներմամբ նրանց պատժի ժամկետից 6 ամիս կրճատվի։

Իսկ մինչ այդ նախարարը հայտարարեց, թե այս քայլին գնալու համար մեծ նշանակություն են ունեցել նախորդ համաներման արդյունքները:

«Գլխավոր նպատակը մարդասիրությունն է և այլ բան, պետք է խնդրեմ, չփնտրեք» ասաց նախարարը՝ ավելացնելով, որ հայտարարված նախորդ համաներումների ժամանակ ազատ է արձակվել 1056 կալանավոր։

Նախարարը նշեց, որ այս համաներումը տարբերվում է նախորդներից ավելի մարդասիրական մոտեցմամբ. «Նախորդ համաներման ժամանակ այն հոդվածները, որոնք արգելք էին սահմանում, հիմա նվազել են: Ընդլայնվել է այն հոդվածների ցանկը, որոնց վրա համաներումը տարածվում է»:

Հրայր Թովմասյանն ընդգծեց նաև, որ համաներման ակտը կախված չէ միայն ազատ արձակելու հետ: Նրա խոսքով՝ կարող է կրճատվել պատժի ժամկետը կամ փոխարինվել պատժի մեկ այլ տարբերակով:

Արդարադատության նախարարը նշեց, որ կան նաև այլ հիմքեր, որոնց առկայության պարագայում համաներումը չի տարածվի ազատազրկվածների վրա։ Խոսքը պատիժը կրելու կիրառման ժամանակահատվածը չարամտորեն խախտողների մասին է, ինչպես նաև նրանց, ովքեր գեթ մեկ անգամ ներվել են։

«Համաներումը չի վերաբերի նրանց, ում պատժի չափը վերջին տասը տարվա մեջ կրճատվել է, գեթ մեկ անգամ ներել են: Երկրորդ անգամ ակնկալել, որ մարդասիրություն կարող է դրսևորվել՝ այդպես չէ: Շեշտեմ, որ խոսքը դիտավորյալ հանցագործությունների մասին է, ինչը նշանակում է, որ նա կրկին հանցագործություն է կատարել: Համաներումը չի կիրառվի նաև նրանց նկատմամբ, երբ դատավճիռ չկա, բայց հարուցված է քրեական հետապնդում»,– բացատրեց նախարարը:

Հրայր Թովմասյանը հորդորեց սպասումների ալիք չառաջացնել մարդկանց մոտ: «Ավելի լավ է իմանան չի լինելու համաներում, բայց մի օր լինի, քան իմանան, որ լինելու է, բայց չլինի: Գաղտնիության համատեքստում խնդրում եմ դիտարկել նաև իմ հայտարարությունները, թե համաներում չի լինելու»,-ասաց նա։