Հունգարիայում անօթևանների դեմ նոր օրենք է ընդունվել
Հունգարիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի նպատակն է մաքրել Բուդապեշտի և մի քանի այլ քաղաքների փողոցները հազարավոր անօթևաններից, գրում է BBC-ն:
Կառավարության համաձայն՝ օրենքը նախատեսված է անօթևաններին օգնելու համար։ Նշվել է, որ կացարաններում բավական տարածք կա բոլոր անօթևանների համար:
Օրենքը քննադատողներն ասում են, որ այն հանցագործ է դարձնում անօթևաններին, որոնց կարող են տուգանել, կալանավորել կամ ուղարկել հասարակական աշխատանքների:
Նրանք, ովքեր քնած կբռնվեն քաղաքի տարածքներում, կարող են տուգանվել կամ ուղարկվել հասարակական աշխատանքների, եթե հրաժարվեն հեռանալ կամ նորից բռնվեն նույն վայրում:
Նրանք, ովքեր ապրում են անտառներում՝ ինքնաշեն տնակներում, առավել անհանգստացած են, քանի որ նոր օրենքը թույլ է տալիս կալանավորել նրանց, ովքեր նման կառույցներ են կառուցում առանց թույլտվության:










