Հարավային Կորեայում անցկացվել է վերջին 10 տարվա ամենախոշոր զորահանդեսը

11:11 • 01.10.13

Հարավային Կորեայում անցկացվել է վերջին 10 տարվա ընթացքում ամենախոշոր զորահանդեսը, որին մասնակցել է 11 հազ. զինծառայող, ինչպես նաև ցուցադրվել է մոտ 120 ինքնաթիռ և 190 տեսակի ցամաքային տեխնիկա, գրում է BBC-ն։

 

Ելույթ ունենալով Սոննամ քաղաքի ավիաբազայում զորահանդեսի մասնակիցների և հանդիսատեսի առաջ՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն հայտնել է Հյուսիսային Կորեայի կողմից «շատ լուրջ» սպառնալիքի մասին։ Նրա խոսքով՝ իրավիճակը Կորեական թերակղզում շատ լարված է, և Սեուլն անհրաժեշտ է համարում Փհենյանի հետ հարաբերություններում հետևել զսպման քաղաքականությանը։

 

Զորահանդեսը նվիրված է եղել Հրվ. Կորեայի զինված ուժերի 65-ամյակին։ Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։