Մոլդովայից 200 հազար ներգաղթյալների համար կփակվի մուտքը Ռուսաստան
Մոլդովայի մոտ 200 հազար քաղաքացիների համար կփակվի մուտքը Ռուսաստան, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության հայտարարությունը:
Մասնավորեցվում է, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր խախտել են ՌԴ միգրացիոն օրենսդրությունը: Այս անձանց փաստաթղթերում, Ռուսաստանից ելքի ժամանակ, համապատասխան նշումներ են արվելու:
Անցած շաբաթ Ռուսաստանում մոլդովական համայնքների կոնգրեսն ահազանգել էր, որ նրանց արտաքսում է սպառնում Ռուսաստանից:
Այս տեղեկությունները հայտնվում են Մոսկվայի և Քիշնևի հարաբերությունների սառեցման ֆոնին, երբ Մոլդովան հրաժարվում է միանալ Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը:
Դրան նախորդել էր մոլդովական գինիների արտահանման արգելքը ռուսական շուկա:










