Գ. Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելու փոխարեն պետք է ներգրավել որպես կասկածյալ՝ Սյունիքի գործը լղոզելու համար. Փաշինյան

14:06 • 01.10.13

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ԱԺ նիստին, երբ ամփոփվում էր նախագահի կողմից զինդատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու առաջարկությունը, հայտարարեց, թե Գևորգ Կոստանյանին ոչ թե պետք է առաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում, այլ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործը լղոզելու համար ներգրավել որպես կասկածյալ։


Նիկոլ Փաշինյանը մինչ այդ նշեց, թե թեկնածուի մասին ամենատպավորիչ մեկնաբանությունը լսել է փաստաբանների մի խմբից։ «Նրանք ասում էին, երբ մտածում էին, թե Սերժ Սարգսյանն ում կարող է գլխավոր դատախազի թեկնածու առաջադրել, որ Աղվան Հովսեփյանից վատը լինի, եզրակացությունը միանշանակ էր, դա կարող էր լինել միայն Գևորգ Կոստանյանը։ Ինձ համար խնդիր է հասկանալ, թե ինչքանով է օբյեկտիվ նման գնահատականը, ում հասցեին նույնիսկ ընդդիմադիրները փոքրիկ դիֆիրամբաներ են ձոնել»,- ասաց նա և ավելացրեց, որ թերևս նրանք տպավորված են Կոստանյանի աշխարհի հայտնի համալսարանից ստացած դիպլոմով։

«Բայց ասված է՝ ծառը պտուղից են ճանաչում։ Կերպարն ուսումնասիրելու համար նախ պետք է ուսումնասիրել պտուղները, որ տվել է Հայաստանի զինվորական դատախազ լինելու այս ընթացքում։ Այդպիսի ամենահայտնի պտուղը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի նախաքննությունն է և այդ պտուղից. տիկնա՛յք և պարոնյա՛ք, վատ հոտ է փչում»,- ասաց նա և հիշեցրեց, որ Գևորգ Կոստանյանը, որպեսզի վերահսկեր գործը, դեպքից անմիջապես հետո նախաքննությունը կանխորոշող հայտարարություններ արեց, պնդելով թե Սուրիկ Խաչատրյանը արյունահեղության ամբողջ օրը տանը քննած է եղել։


«Դրանցի հետո կարծիքներ են հնչել, թե Կոստանյանը նպատակ է ունեցել 2013թ-ի հունիսի 1-ի գորիսյան արյունոտ դեպքերից դուրս դնել Սերժ Սարգսյանի հովանավորյալ Սուրիկ Խաչատրյանին։ Հիմա հարց. կա՞ն արդյոք փաստեր, որոնք դրա մասին են վկայում»,- հարցրեց նա և ներկայացրեց 4 փաստեր, որն էլ ապացուցում է դա։


«Փաստ առաջին. դեպքի վայրում Ավետիք Բուդաղյանին ամենածանր վնասվածքը, որ քրգործում անվանումվում է «թիվ մեկ վնասվածք», ըստ փորձաքննության, ունի վերևից ներքև ուղղություն և ենթադրվում է , որ այդ վնասվածքը հասցվել է մի անձի կողմից, ով կրակ է արձակել վերևից, ասենք երկրորդ հարակից, կամ տանիքից։ Հարցը կարևորություն է ստանում ժամանակագրական առումով՝ դա Բուդաղյանի ստացած վերջին վնասվածքն է, հետո արդեն, ըստ բժշկական փորձաքննության, նա այլևս չէր կարող նպատակաուղղված գործողություններ կատարել, և որից հետո, ըստ տեսագրության, հայտնվում է գետնին»,- ասաց նա։


Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երկրորդ փաստը. «Նախաքննությունը հաստատում է, որ ինչպես մյուս, այնպես էլ «թիվ մեկ վնասվածքը» Ավետիք Բուդաղյանին հասցրել է Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանը և նրա թիկնապահ Զարզանդը։ Գևորգ Կոստանյանը երեկ իմ հարցից հետո հաստատեց, որ նախաքննության մարմինը պատշաճ ձևով չի նույնականացրել, թե Բուդաղյանի չորս հրազենային վնասվածքներից որ մեկն ով է հասցրել, որ պահին, որ դիրքով, որ կետից»,-ասաց նա։


ՀԱԿ պատգամավորը նշեց, թե սա կարևոր է, քանի որ պատշաճ նույնականացումը կպարզեր, որ ի տարբերություն մյուս վնասվածքների, «թիվ մեկ վնասվածքը», որ դարձել է Բուդաղյանի մահվան հիմնական պատճառ, չէր կարող հասցված լիներ ո՛չ Տիգրան Խաչատրյանը , ո՛չ էլ թիկնապահ Զարզանդը։


«Որովհետև գործի հիմքերի համաձայն այդ ընթացքում նրանք տան բակում են եղել, Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթություն-բարձրության վրա, և չէին կարող կրակել այնպես , որ Բուդաղյանը ստանար վերևից ներքև վնասվածք։ Չկարողանալով տալ այս հիմնավորումը՝ հիմար վիճակի մեջ է դրել ինքն իրեն, գրելով մի անհեթեթ նախադասություն տվյալ դրվագի մասին»,- ասաց նա և նշեց, թե անհրաժեշտ է ևս մեկ փորձաքննություն նշանակել, հասկանալու համար, թե ինչ են գրել։


Երրորդ փաստը, ըստ Նիկոլ Փաշինյանի, տարածված տեսագրությունն է, որն իրենց վարկածը տարածելու համար էր։


«Տարօրինակ է սակայն , որ տարածվեց անձայն տարբերակը, սա պատահականություն չէր կարող լինել։ Տեսագրությունը ձայնով լսելով արտառոց փաստ կարձանագրենք, որ Սուրիկ Խաչատրյանը իրադարձությունների պիկին քնած չի եղել»,-ասաց նա և նշեց, թե այստեղից պարզ երևում է, թե ինչպես 23։08։04–ին Ավետիք Բուդաղյանը գնում է այն մարդկանց խմբի հետևից, որի մեջ է Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդը, սակայն այդ պահին, Ավետիք Բուդաղյանը շրջվում է և հետ է դառնում, մի քիչ քայլում ու ստանում մեկ վնասվածք։


«Տեսագրությունը ակնհայտ կդարձնի, որ ինչ–որ մեկը ձայն է տալիս, Բուդաղյանին՝ գոռալով «Ավետ»։ Այդ կանչը լսելով է Բուդաղյանը հետ է դառնում, իսկ նախաքննությունը չի պարզել, թե ով է կանչողը։ Կոստանյանը իմ հարցին երեկ պատասխանեց, թե էական չի ով է կանչողը։ Ես պնդում եմ, որ էական է, որովհետև եթե պարզվի, որ կանչողը Սուրիկ Խաչատրյանն է, ինչը շատ հավանական է թվում, առաջ քաշած վարկածը գլխովին կջախջախվի»,-ասաց նա։

Վերջին փաստը, ըստ պատգամավորի, տեսանյութում ինչ-որ ժամի կրակողներն են, որտեղ կայծեր են երևում ասֆալտի վրա՝ Բուդաղյանի դիմաց։ «Թերևս փամփուշտներից մեկը դիպել է Ավետիք Բուդաղյանին, պատճառելով «թիվ մեկ վնասվածքը», մյուսը բախվել ասֆալտին՝ կայծեր առաջացրել։ Ուրեմն՝ կրակոցը կրկին հնչել է վերևից։ Մինչդեռ պարզվում է՝ նախաքննության մարմինը ասֆալտի վրա հրազենային հետք չի հայտնաբերել և եզրակացության մեջ գրել է. որ ասֆալտապատ ճանապարհի տվյալ տեղամասը երթևեկելի հատվածում է, ինչի հետևանքով օտար վնասվածքը կարող է ներգործությունների արդյունքում պահպանված չլինել»,- ասաց նա:

Վերջում նա ամփոփեց. «Վերոնշյալ փաստերի համադրումն ակնհայտ է դարձնում, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած գործի վարող մարմինը զինդատախազ ՀՀ գլխավոր թեկնածու Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ ամեն ինչ արվել է շրջանցելու, լղոզելու համար փաստերը, որոնք հիմք կտային լրջորեն շրջանցել մամուլում շրջանառվող այն վարկածը, որ Ավետիք Բուդաղյանի մահացու հրազենային վնասվածքը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը՝ ընդ որում՝ նույն փաստերը կարող էին վկայել, որ գործ ունեինք ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, ինչպես տեղի ունեցածը որակվել է պարոն Կոստանյանի ղեկավարությամբ, այլ Ավետիք Բուդաղյանին դիտավորությամբ սպանելու փաստի հետ»։

Ըստ նրա՝ այսպիսի փաստերի առկայության դեպում Գևորգ Կոստանյանին ոչ թե գլխավոր դատախազ պետք է նշանակեին, այլ զինդատախազի նրա պաշտոնավարումը կասեցնեին և քննարկեին նրան որպես կասկածյալ լինելու հարցը:


Վերջում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու Գևորգ Կոստանյանի թեկնածությանը։