Բրեյվիկի նախկին կուսակցությունը կընդգրկվի Նորվեգիայի կառավարության կազմում
Նորվեգիայի կառավարությունը կձևավորեն Պահպանողական և աջակողմյան Առաջընթացի կուսակցությունները. վերջինիս մի քանի տարի շարունակ անդամակցել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Kureren-ին:
Քրիստոնեա-ժողովրդական և Լիբերալ կուսակցությունները հրաժարվել են համագործակցել աջերի հետ և զրկել են իրենց նախարարների կաբինետի կազմի վրա ազդելու հնարավորությունից:
Այժմ պահպանողականներն ու աջերը նախարարների կաբինետի կազմավորման շուրջ բանակցություններ կսկսեն: Այդպիսով՝ Առաջընթացի կուսակցությունը, որը ստեղծվել է 1970-ականների սկզբին, առաջին անգամ կլինի երկրի կառավարության կազմում:
Հիշեցնենք, որ 2011-ի ամռանը Բրեյվիկի իրականացրած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 77 մարդ։










