Հպարտության զգացում ունեի թե դահլիճում, թե գործընկերներիս հետ շփումներում. Ա. Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում Ս. Սարգսյանի ելույթի մասին

20:46 • 02.10.13

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում իր տպավորություններն է հայտնել ԵԽԽՎ նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և հարցուպատասխանի, ինչպես նաև հաջորդիվ հնչեցված կարծիքների և մեկնաբանությունների վերաբերյալ: 

 

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դահլիճում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բազմաթիվ հարցադրումներ եղան…. Մաքսային միություն, ԵՄ-ի հետ հետագա համագործակցություն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Թուրքիայի հետ հարաբերություններ և այլն:


Ուզում եմ ներկայացնել եվրոպացի բազմաթիվ գործընկերներիս հրապարակային, ինչպես նաև մասնավոր զրույցներում հնչեցրած կարծիքների, մեկնաբանությունների, տպավորությունների ամփոփումը. Թե՛ ելույթը և թե՛ հարցերի պատասխանները շատ պարզորոշ ցույց տվեցին, որ գործ ունենք իր երկրի ազգային և պետական շահերը գիտակցող, այն հստակ ներկայացնող, հավասարակշռված և բանիմաց գործչի հետ:


Շատ հարցեր ստացան իրենց պատասխանները, շատերը ստացան իրենց պատասխանները: Հետաքրքիր զգացողություն էր, երբ եվրոպացի գործընկերներս էին խոսում ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, մեկուսացման վտանգների և այլ հարցերի շուրջ, որոնց մասին ՀՀ նախագահը իր խոսքում նշեց:


Հպարտության զգացում ունեի թե դահլիճում, և թե հետո՝ գործընկերներիս հետ շփումներում»: