ՄԱԿ-ի փորձագետները ժամանել են Սիրիա՝ քիմիական զենքը ոչնչացնելու նպատակով

09:40 • 02.10.13

ՄԱԿ-ի փորձագետները 20 մեքենայից կազմված ավտոշարասյունով ժամանել են Սիրիա՝ սկսելու իշխող վարչակարգի ունեցած քիմիական զենքի պաշարների վերահսկման ու ոչնչացման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն՝ Reuters-ին հղումով։

 

Ողջ գործընթացին հետևելու է Հաագայում գործող Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (OPCW), որն արդեն համապատասխան փաստաթղթեր է ստացել Սիրիայի կառավարությունից՝ քիմիական զինապահեստի մանրամասների վերաբերյալ։ Ըստ տվյալների՝ իշխանություններն ունեն 1.000 տոննա զարին և այլ արգելված քիմիական նյութեր, որոնք պահվում են 45 օբյեկտներում։

 

Al Arabiya-ն նկատում է, որ Սիրիայի կառավարությունն առայսօր իրականացրել է սիրիական քիմիական զենքի վերաբերյալ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնագրի բոլոր պահանջները։ Ըստ 2 կողմերի պայմանավորվածության՝ սիրիական քիմիական զենքը պետք է ոչնչացվի մինչ գալիք տարվա կեսը, ուստի ՄԱԿ-ի առաքելությունը շարունակելու է իր աշխատանքը մինչև այդ ժամանակը։