ՌԴ-ում Կոլումբիայի դեսպանը սեքս սկանդալի պատճառով հրաժարական է տվել
ՌԴ-ում Կոլումբիայի դեսպան Ռաֆայել Ամադորը հրաժարական է տվել՝ սեքսուալ սկանդալի հետևանքով:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, դեսպանն իր մասին տարածված անանուն մեղադրանքները՝ անչափահասի հանդեպ սեռական ոտնձգությունների վերաբերյալ, «աբսուրդ» է որակել:
«Ես ինքնակամ եմ հրաժարական տվել: Հայտնվել են մի շարք աբսուրդ, սուտ տեղեկություններ: Խոսում են՝ սեռական բնույթի ոտնձգությունների մասին, սակայն ես դրանք կտրականապես հերքում եմ»,-ասել է Ամադորը:
Դեսպանը նաև նշել է, որ այդ որոշումը պայմանավորված է երկրի կառավարությանն ու արտգործնախարարության վնաս չտալու ձգտմամբ: «Այժմ կարգապահական հետաքննություն է տեղի ունեցել, և պետք է Բոգոտա ուղևորվեմ»,-ասել է նա:
Դիվանագետը նաև հայտարարել է, որ բոլոր մեղադրանքներն իր հասցեին քաղաքական հետապնդում են, սակայն զերծ է մնացել ենթադրություններ անելուց, թե ով կարող է կանգնած լինել այդ մեղադրանքների հետևում:










