Համաներման նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով ԱԺ քվեարկությունը հետաձգվեց մինչև վաղը
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ԱԺ-ին առաջարկեց համաներում կիրառելու մասին որոշման նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով քվեարկությունը հետաձգել մինչև վաղը, երբ այն նախագահի համար ընդունելի տարբերակով կներկայացնի Ազգային ժողովին։
Բացի այդ, նախարարն ասաց, որ ինքը կանդրադառնա հնչած առաջարկություններին, որոնք հնարավոր կլինի ընդունել:
Իսկ մինչ այդ նա ընդգծեց, թե ոչ մի համաներում չի գալիս ուղղելու այն հնարավոր սխալները, որոնք կարող է դատական իշխանությունը թույլ տված լինել։
«Համաներման նպատակն այլ է, այն արդարադատություն իրականացնող ակտ չէ, ուստի նպատակահարմար չէ քննարկումներ իրականացնել այս առումով: Այս գործընթացում հրապարակայնության աստիճանը մի քանի անգամ ավելին է լինելու»,– ասաց նա:
«Մենք բաց ենք լինելու, ես պատրաստ եմ լսել բոլորին: Հասարակությունից եկող առաջին ազդակները պատգամավորներին են հասու, ուստի պիտի խնդրեմ՝ փոխանցել դրանք, չարաշահումները պիտի փորձենք զրոյացնել: Կա մի շեմ, որին մենք փորձում ենք հասնել»,- ասաց նա:
Նախարար Թովմասյանը նշեց, թե ամենադժվարը սպասելն է, բայց հավատացրեց, թե լինելու է որոշակի վարչարարություն, թղթաբանություն, սակայն ավելորդ դանդաղկոտությունն անգամ, առավել ևս չարաշահումները, լինելու են վերահսկողության ներքո և պատժվելու են իր կողմից:










