Լուկաշենկոն Օբամային հիշեցրել է «ստրկական անցյալը»
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ղազախական 24KZ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է Օբամայի վարած «բացառիկության քաղաքականությանը» իր վերաբերմունքի մասին:
Նա հայտարարել է, որ այդ քաղաքականությամբ ամերիկացիները բացատրում են «այլ պետությունների ռմբակոծումը»:
«Ես կարծում եմ, որ դա, մեղմ ասած, անարդյունավետ է, դա շատ վատ է: Եվ, առհասարակ, Օբաման ինձ զարմացնում է: Դեռևս ոչ վաղ անցյալում սևամորթերը Ամերիկայում ստրուկներ էին, իսկ այսօր արդեն նրանք հայտարարում են բացառիկության մասին: Ես երբեք չեմ մտածել, որ մարդը, որը նման խեղճ խավից է, կարող է նման հռետորաբանություն տարածել աշխարհում: Դա անթույլատրելի է, դա շատ վտանգավոր է», -ասել է Լուկաշենկոն:
Նա բնութագրել է Սիրիայի գործող նախագահին որպես շատ խելացի և կարգին մարդ:
«Նա շատ բարի մարդ է: Ես լավ գիտեմ Սիրիան: Մարդիկ հայրենասեր են և հանկարծ՝ պատերազմ: Ես շատ վատ եմ դրան վերաբերվում: Աստված չանի, որ ամերիկացիներն այնտեղ ներխուժեն, ինչպես Լիբիայի դեպքում և սկսեն ռմբակոծել. աղետ է»,-ասել է նա:
Օգոստոսի վերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրել էր Կոնգրեսին Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառելու թույլտվություն՝ Ասադի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման սպառնալիքը հիմք ընդունելով:










