Զարուհին խաղատանը պարտված գումարների մասին հարցը տվել է Սերժ Սարգսյանի ընկերական շրջապատում. Արմեն Մարտիրոսյան

19:46 • 02.10.13

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այն կարծիքին չէ, որ ԵԽԽՎ նստաշրջանն այն վայրը չէր, որտեղ Զարուհի Փոստանջյանը չէր կարող, իրավունք չուներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարցնել, թե արդյոք նա խաղատանը պարտվել է 70 մլն եվրո:


Tert.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նկատեց. «Ես կարծում եմ՝ մեր իշխանությունների շատ նեղ ընկերական շրջապատն է, այլապես այս երեք կեղծված ընտրությունները չէին հաստատի և ինչ-որ նոր տերմիններ հորինեին՝ մրցակցային և այլն: Ուստի ես կարծում եմ՝ իրենք ընկերներով նստած են եղել, Զարուհի Փոստանջյանն էլ նմանատիպ հարցադրում է արել»:
 

Հիեցնենք, որ Զարուհի Փոստանջյանի հարցը Հայաստանում լուրջ քննադատությունների տեղիք է տվել, և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անգամ նողկալի է համարել Զարուհի Փոստանջյանի, իր խոսքով՝ չափի զգացումը կորցնելու պահվածքը:

 

Ի պատասխան հարցի, թե «Ժառանգություն» կուսակցությունում ամբողջովին համամի՞տ են Զարուհի Փոստանջանի հետ, Արմեն Մարտիրոսյանը նկատեց. «Ոչ համամիտի, ոչ էլ ոչ համամիտի խնդիր գոյություն չունի: Զարուհի Փոստաջյանն ունի խոսքի, կարծիքի իրավունք, նա ժոովրդի կողմից ընտրված պատգամավոր է: Եվ իրավունք ունի ցանկացած հարցադրում իրականացնել ինչպես Հայաստանի Հանարպետության սահմանների ներսում, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում, եթե այդ հարցադրման մեջ չկա պետական գաղտնիք պարունակող կամ մարդու անձնական կյանքին վերաբերյալ տեղեկատվություն»: