ԱՄՆ-ի կառավարության «փակումը» բացասաբար կազդի երկրի ռազմական ոլորտի վրա

13:43 • 02.10.13

Արդեն 2 օր է, ինչ ԱՄՆ-ի կառավարությունը դադարեցրել է իր աշխատանքը (բյուջեի շուրջ համաձայնության չգալու պատճառով-Tert.am), և այս վիճակը շարունակվելու դեպքում Միացյալ Նահանգների ռազմական ոլորտը լուրջ խնդիրների առաջ կկանգնի, գրում է Al Arabiya-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

Բարձրաստիճան ռազմական մի պաշտոնյա անձի գաղտնիության հիման վրա AFP-ի հետ զրույցում ասել է, որ կառավարության գործունեության դադարեցումը, անշուշտ, իր բացասական ազդեցությունը կունենա ռազմական ոլորտի վրա, սակայն դրա արդյունքը կզգացվի շատ ավելի ուշ։

 

Ըստ նրա, եթե աշխատանքի դադարեցման գործընթացը շարունակվի, ապա աշխատանքն ուշացումներով կիրականացվի նավաշինական ու օդանավային պահեստներում, որոշ ռազմական ստորաբաժանումներ ստիպված կլինեն հրաժարվել զորավարժություններից, վարչական աշխատողները ևս աչքաթող կանեն իրենց գործը։