Վարչապետին հունից հանեց Փաշինյանի հարցը, Ջհանգիրյանին՝ Թովմասյանի պատասխանները. հարց ու պատասխան՝ ԱԺ-ում

19:36 • 02.10.13

Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամը բավականին թեժ անցավ: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը հունից հանեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, նույն խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բողոքեց, թե արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանում է իրեն չվերաբերող հարցերին:

 

«Հայ ազգայի կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցն ուղղված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում տեղեկացրեց, թե կառավարության հետ  նախորդ հարցուպատասխանին «ահագին խոսել են» վերջինիս մասին։


Փաշինյանի հարցը կրկին վերաբերվում էր Փակ շուկային, որը նախորդ անգամ անարձագանք էր մնացել Քաղաքաշինության նախարարի կողմից. «Համոզված եմ, զեկուցել են Ձեզ դրա մասին, դրանից հետո, հետևելով արձագանքներին, քաղաքական մեծամասնության հետ այսպիսի պատճառաբանություն է նախապատրաստում, իբր թե օրենսդրական փոփոխություններ են նախատեսում, ցույց տալու, թե օրենսդրական բացն է պատճառը, որ կառավարությունը չի կարողացել միջոցներ ձեռնարկել Փակ շուկա պատմամշակութային հուշարձանը պաշտպանելու համար։ Արձանագրենք, որ պատմամշակութային հուշարձանների մասին ՀՀ օրենքը և Կառավարության 408 որոշումը տալիս են ամբողջական լիազորություն կառավարությանը և նրան առընթեր մարմիններին՝ լիարժեք իրականացնելու այդ գործառույթը։ Հարցս մնում է նույնը՝ ծայրահեղորեն պարզ, ինչու՞ կառավարությունը չի իրականացրել հուշարձանի պահպանման համար իր լիազորությունները»,-ասաց պատգամավորը։

 

Տիգրան Սարգսյանը կարճ պատասխանեց, թե Մշակույթի և Քաղաքաշինության նախարարներն իրեն զեկուցել են, որ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում քննարկել են այդ հարցերը և ընդունել են այնպիսի որոշում, որը հաշվի կառնի օրենսդրությամբ սահմանված բոլոր կանոնները։



Հարցին նման պատասխանը Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն դուր չեկավ. «Պարոն վարչապե՛տ, անկեղծ ասած Ձեր Չինաստանում գտնվելն ավելի խոսուն էր, քան Ձեր պատասխանը։ Ես չհասկացա՝ Դուք ինչ եք ասում։ Հուշարձանի պահպանության գործակալությունը հստակ սահմանել է, թե ինչ նախագծով պետք է տեղի ունենա հուշարձանի հետ կատարվող աշխատանքը, և արձանագրվել է, որ շեղվել է։ Իսկ Քաղաքաշինության նախարարը պետք է դադարեցներ այնտեղ իրականացվող աշխատանքները, ինչը չեն արել։ Ասում եք զեկուցել են, ի՞նչ են զեկուցել»,-հարցրեց նա։

 

Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե հերթական անգամ վարչապետը չունի պատասխան և ամբիոն է բարձրանում ժամանակը լրացնելու համար։ «Գոնե երեք րոպե խոսեիք, իմանայինք բան ունեք ասելու, բայց փաստն այն է, որ Ձեր կառավորությունն ի զորու չէ իրականացնել օրենքով սահմանված գործառույթներ, որոնք հակասում են օլիգարխների ոչ միայն շահերին, այլ նույնիսկ քմահաճույքներին»,-ասաց նա և ավելացրեց, որ Կառավարությունը ոչ թե վստահության քվե է ստացել, այլ սրանով ցույց է տալիս, որ իրենց նշանակել են այն մարդիկ, ովքեր ոչնչացնում են հուշարձանները։


Վարչապետ Տիգրան Սարգսյանի համբերությունն էլ սպառվեց, ով հայտարարեց, թե Փաշինյանի համար կարևոր չէ՝ ինչ հարց է քննարկվում, բովանդակային խնդիրները նրան չեն հետաքրքրում։


«Ցանկացած հարցի շուրջ լսում ենք Ձեր նույն գնահատականները, ձանձրացել ենք Ձեր գնահատականներից, բովանդակային քննարկմանը մենք միշտ պատրաստ ենք, նույնիսկ այն դեպքերում, երբ կան խնդիրներ, բայց Ձեր գնահատականները դառնում են անհետաքրքիր, որովհետև պարբերաբար կրկնվում են, կարևոր չէ՝ խոսում ենք պատմամշակութային արժեքների մասին, թե ինչի։ Դրա համար Ձեզ, իմ կարծիքով, չի հետաքրքում ոչ շուկայի խնդիրը, ոչ քաղաքացիների կենսամակարդակի խնդիրը, Ձեզ հետաքրքրում է միայն Ձեր անձնական ամբիցիաների խնդիրը, ինչքան ավելի գեղեցիկ լինի, ինչքան ավելի վիրավորական, որ մարդկանց դուր գա, և դուք բարձրացնենք ձեր քաղաքական ռեյտինգը»,-նշեց նա և ավելացրեց, թե ինքն էլ իր քաղաքական գնահատականն է տալիս, չնայած որ կարող է վիրավորական խոսել, բայց հարգում է ԱԺ-ն ու չի իջնում պատգամավորի մակարդակին։


«Այո մենք ունենք խնդիրներ, այդ թվում նաև Ծածկած շուկայի հետ կապված, որոնք եղել են բուռն, եղել են դեբատներ Մշակույթի նախարարությունում, բազմաթիվ սանկցիաներ են կիրառվել, որպեսզի կարողանանք ճիշտ լուծում գտնել և հետևողականորեն էլ շարունակվում է»,-եզրափակեց նա։


Փաշինյանը, քանի որ արձագանքելու հնարավորություն չուներ, ուղղակի լքեց ԱԺ դահլիճը։

 

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նախքան այդ դժգոհելով, թե բոլոր հարցերին պատասխանում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Եվ երբ վարչապետին ուղղված հարցին նույնպես պատասխանեց Հրայր Թովմասյանը, Գագիկ Ջհանգիրյանը դժգոհություն հայտնեց.

 

«Արդարադատության նախարարը պատասխանում է իրեն չվերաբերող հարցերին, ինչպես նաև այս հարցին»,-ասաց նա:

 

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կառավարությունից կրկին պահանջեց հրապարակել «ՀայՌուսգազարդի» պայմանագրի տեքստը՝ գազի սակագնի բարձրացման վերաբերյալ։ «Եթե կա պետական գաղտնիք, ապա ես պատրաստ եմ հասկանալ։ Բայց հավատացեք, չի կարելի այդպես անել»,-ասաց նա և հիշեցրեց, թե ինքը 6 ամիս է՝ պահանջում է մի փաստաթուղթ, որը վերաբերում է ողջ ժողովրդին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարճ պատասխանեց՝ նշելով, որ եթե կառավարությունը որևէ փաստաթուղթ ստորագրի, ապա այն հասանելի կլինի բոլորի համար։ Իսկ եթե չի ներկայացնում, նշանակում է, որ պայմանագիրը դեռևս ստորագրված չէ։ «Կառավարությունը դեռևս գտնվում է բանակցային գործընթացի մեջ։ Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն, երբ դրանք կստորագրվեն, կլինեն հրապարակային, քանի որ գալու են ԱԺ»,-նշեց նա։

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին հետաքրքրում էր Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում 2010թ. միջազգային կազմակերպությունների կողմից կառուցված մանկապարտեզի ճակատագիրը, որի համար ծախսվել էր 50 մլն դրամ, որին ընդամենը 3 մլն է հատկացվել համայնքային բյուջեից և որն այդպես էլ «բյուջեում փող չկա» պատճառաբանությամբ այդպես էլ չի բացվում։ Նա տեղեկացրեց, թե կառուցման օրվանից մինչ օրս վերոնշյալ մանկապարտեզը չի գործում, թեև համայնքում 80 երեխաներ մանկապարտեզ հաճախելու կարիք ունեն։

 

«Ի դեպ, մանկապարտեզի շահագործման համար անհրաժեշտ է տարեկան ընդամենը 8 մլն դրամ։ Հարց է առաջանում, ինչպե՞ս է ստացվում, որ մեր երկրի սուղ բյուջեից հնարավոր է լինում պարբերաբար ֆինանսավորել ոչ առաջնային և նույնիսկ սոցիալական կարևորություն չունեցող ծրագրեր, որի ամենաթարմ և վառ օրինակն է Նունե Եսայանի համերգը, երբ մի քանի ժամվա համար կառավարությունը 54.691.400 դրամ է շռայլել: Իսկ սահմանամերձ գյուղի մանկապարտեզի շահագործման համար տարեկան 8 մլն դրամ չկա, մինչդեռ այդ գյուղի երեխաները ապրում են հակառակորդի դիպուկահարների նշանառության տակ»,-հարցրեց նա։ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշեց, թե պետական բյուջեով մանկապարտեզների ֆինանսավորում ուղղակիորեն իրենք չունեն և չեն էլ ունենալու։ «Որովհետև դրանք համայնքային խնդիրներ են, և պետություն այդ խնդիրներին առնչվում է անուղղակիորեն»,-ասաց նա: