ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին վերանայել Աբխազիայի և Հրվ. Օսիայի ճանաչման որոշումը

17:10 • 02.10.13

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կրկին կոչ է արել Ռուսաստանին վերանայել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման որոշումը, գրում է Корреспондент-ը։

 

«ՆԱՏՕ-ի դիրքորոշումը չափազանց հստակ է։ Ինչպես նշվել է Չիկագոյում կայացած գագաթնաժողովի ժամանակ (2012թ. մայիս), ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգային հանրության կողմից ընդունված սահմաններում»,- նշվում է Ռասմուսենի հաղորդագրությունում։

 

Ռասմուսենը նշել է, որ անհանգստացած է սահմանազատմանն ուղղված Ռուսաստանի շարունակվող ակտիվությամբ։ Նրա կարծիքով՝ նման գործընթացը չի նպաստում խնդրի խաղաղ լուծմանը։

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս արտահայտվել է Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանների իրավիճակի վերաբերյալ։ Նախկինում նրա ուշադրությունը գրավել է Վրաստանի ԱԳՆ-ն՝ վրաց-հարավօսական սահմանին մետաղալարերի հայտնվելու կապակցությամբ, որը, ինչպես վստահեցնում են Թբիլիսիում, անցկացվել է ռուս սահմանապահների կողմից։