Պետությունը ոչ մարդասիրական մոտեցում ունի ցմահ դատապարտվածների հանդեպ. փաստաբանական կարծիքներ
ՀՀ փաստաբանների պալատի անդամների մի մասի կարծիքով՝ ոչ համաներմամբ, բայց անհատական մոտեցումներով պետությունը պետք է մարդասիրական մոտեցում ցուցաբերի նաև ցմահ ազատազրկվածների որոշ մասի նկատմամբ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիքներ հայտնեցին փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, Երվանդ Վարոսյանը, Տիգրան Տեր-Եսայանը, լրագրող, «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի նախագահ Զարուհի Մեժլումյանը:
Վերջինիս խոսքով՝ պետությունը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի ցմահ դատապարտվածների ինչ-որ խմբի համար` մարդիկ, ովքեր ցմահ ազատազրկում ստեցել են առաջին դատվածությամբ, մեկ մարդու սպանության կամ հանցագործության պահին 18-21 տարեկան են եղել:
«Մեր նախաձեռնությունը բազմաթիվ ստորագրություններով դիմել է այդ հարցով, ներման ակտերո՛վ, ոչ թե համաներման , որովհետև ներումները վերաբերում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներին, իսկ համաներումները, սովորաբար թեթև և միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվածներին: Բայց մենք որևէ պատասխան ու արձագանք չենք ստացել»,- ասաց իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչը՝ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է ոչ թե նրանց ազատ արձակմանը, այլ պատժատեսակի փոփոխմանը կամ մասնակի վերանայմանը:
Նշենք, որ օրինակ՝ նախկին դատավոր Պարգև Օհանյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ համաներումը պիտի անդրադառնար նաև ցմահ դատապարտյալների վրա ասելով՝ «Գոնե ցմահը դառնար չափելի, լավ կլիներ, քանի որ նրանց մեջ կան կասկածելի պատիժների ենթարկված, վիճելի վճիռներով դատապարտվածներ»:
Զարուհի Մեժլումյանը ևս սա ոչ պակաս կարևոր հանգամանք է համարում և այս կապակցությամբ ներկայացրեց իր լրագրողական հարցման արդյունքները: Նա այն արել էր՝ պարզելու հասարակության կարծիքը, թե հանցագործության ո՞ր տեսակի մեջ մեղադրվողները պետք է ազատ արձակվեն, որոնք՝ ոչ: Եվ չնայած մեծ մասամբ մարդիկ նշել են, որ ծանր հանցագործներին չարժե ազատ արձակել, սակայն երկրորդ հարցին ի պատասխան՝ թե վստահո՞ւմ են ՀՀ դատական համակարգին, միաբերան պատասխանել են, որ ոչ:
Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը որպես կարծիք նշեց, որ դեմ է ցմահ ազատազրկվածների նկատմամբ ընդհանուր մոտեցմանը:
«Մոտեցումը պետք է լինի կոնկրետ, հստակ վերանայելով ամեն մեկի գործը, որովհետև նրանց մեջ կան մարդիկ, որոնք իրավունք չունեն իմ կարծիքով՝ ազատության մեջ հայտնվելու: Օրինակ՝ մանկահասակ երեխա սպանողը պետք է մնա և մահանա այդտեղ, բայց ինչ-որ մի քաղաքականություն պետք է լինի, ի վերջո, պատժի նպատակը մարդկանց ուղղելն է: Հետևաբար, պետք է տալ հնարավորություն, որ 20-25 տարի հետո դիմեն ներման խնդրանքով, որովհետև իրոք կան մարդիկ, որոնք հանցագործությունը կատարել են ինչ-որ հանգամանքների բերումով»,- ամփոփեց Տիգրան Աթանեսյանը:
Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Կրոմվել Գրիգորյանը գրեթե կրկնեց նրան՝ ասելով. «Ցմահների խնդիրը կա և դրա լուծումը պետք է լինի՝ նաև ներման ակտերով, որովհետև առանձին-առանձին քրեական նյութերն ուսումնասիրելիս կտեսնեք, որ տպավորությունը կփոխվի: Մենակ չնայենք, որ մարդասպան է, պետք է մինչև կյանքի վերջը ազատազրկվի դրդապատճառները, հանգամանքները, շարժառիթները պետք է նայենք, հասկանանք ինչո՞ւ է այդ քայլին գնացել: Չնայած կան մարդիկ, որ նրանց նկատմամբ իրոք պետք է այդ մոտեցումը լինի, որ ոչ մի ներում, վերանայում չլինի»:
Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ընդունելով, որ նման խնդիր Հայաստանում կա, նկատեց, որ, այնուամենայնիվ, համաներումը այս հարցի լուծում չէ, քանի որ ցմահ դատապարտվածի վիճակը լավացնելու միակ ելքը ցմահը կոնկրետ ժամկետով ազատազրկումով փոխարինելն է, ինչպես նաև անհատական մոտեցումը ցուցաբերելը յուրաքանչյուր դատապարտյալին։
«Բայց մյուս կողմից էլ բոլորս էլ գիտենք, որ կան ցմահ ազատարզկված մարդիկ, որոնք գործերի վերանայման անհրաժեշտություն ունեն: Պետությունը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուր ցմահ դատապարտյալի հանդեպ, դա իր ուղղակի պարտականությունն է, որ ինքը չի անում»,-ավելացրեց Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ այս համաներումը որակվեց լայն՝ հանցագործությունների առանձին ծանր տեսակների վրա կիրառելիության առումով: Օրինակ՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը, ըստ էության, քննադատել էր կառավարությանը՝ ասելով, թե անհասկանալի է, թե ինչու համաներումը կարող է որոշ չափով տարածվել ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն կատարածի վրա (պատժաչափի կրումից վեց ամիս հանվում է), սակայն ոչ օրինակ՝ թմրանյութի առքուվաճառքով զբաղվողի:
Զարուհի Մեժլումյանը ողջունում է այն, որ 1992 թվականից 8- 9 անգամ համաներումներից հետո այս անգամ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք ինչ-որ չափով ներառվել են համաներման մեջ:
«Եվ պետք հասկանանք, որ բանտերում մարդիկ ամեն անգամ ստրեսային վիճակում սպասում են, թեև գիտեն, որ իրենց վրա չի տարածվելու: Բայց միևնույն է՝ հարազատները դիմում են, ծնողները զանգահարում են, միգուցե այս անգամ իրենց որդիներին առնչվի»,-մեկնաբանեց Զարուհի Մեժլումյանը՝ նշելով , որ երկրներ կան, որտեղ մարդիկ գիրք կարդալով են (դրա համար խրախուսվելով են) կրճատում իրենց պատժաչափերը:
Նա նաև նշեց, որ աշխարհում կա որոշակի իրավապրակտիկա, երբ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց վրա որոշ մասով համաներումը տարածվել է: Օրինակ՝ առաջին անգամ նման հեղափոխական մոտեցում է ցուցաբերվել Իրանում:
Իսկ առավել ավելի թեթև հանցագործությունների դեպքում, ըստ իրավապաշտպանի, Իրանում և նաև Վրաստանում «համատարած» ՝ամեն կրոնական տոնից հետո համաներումներ կիրառվում են:










