Չինացիներին արգելել են տգեղ ձևով լապշա ուտել այլ երկրներում
Չինաստանի իշխանությունները հրապարակել են իրենց զբոսաշրջիկներին ուղղված խորհուրդները, որտեղ արգելել են քիթ փորել և անշնորհք ձևով լապշա ուտել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Sunday Morning Herald-ին:
Չինաստանի ազգային զբոսաշրջային ընկերությունը հրապարակել է քաղաքակիրթ զբոսաշրջության 64-էջանոց ուղեցույցը՝ խորհուրդներով ուղեկցվող նկարներով: Նրանք որոշել են պայքարել «արտերկրում չինացիների անքաղաքավարի պահվածքի» դեմ, որը փոխվարչապետ Վան Յանի խոսքով՝ «վնասում է չինացի ժողովրդի կերպարին»:
Տարբեր խորհուրդների թվում հորդորվում է կարիքները չհոգալ լողավազանում, ինքնաթիռներից չգողանալ փրկարարական բաճկոնները և չօգտագործել եղունգները որպես ատամմաքրիչ:
Ուղեցույցում խորհուրդներ են տեղ գտել կոնկրետ երկրներում պահվածքի մասին, օրինակ՝ Իսպանիայում և Գերմանիայում:
Չինացի զբոսաշրջիկներն արդեն բողոքել են բազմաթիվ արգելքներից, որոնք «հնարավոր չէ սովորել և մտապահել»:










