ՌԴ Էկոնոմիկայի փոխնախարարը ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետների վերաբերյալ ոչ մի բան չի կարող ասել
Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության փոխնախարար Գեորգի Կալամանովը, ով հոկտեմբերի 1-3-ը Երևանում անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական համաժողովի 11-րդ նիստի ժամանակ ընտրվել է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ, չի կարող ասել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության ժամկետների վերաբերյալ:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Tert.am-ի հարցին, թե կհասցնի՞ Հայաստանը նախանշված ժամկետներում անդամակցել, պարոն Կարլամանովն ասաց, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ հարյուրավոր համաձայնագրեր պետք է լինեն:
«Միացումը գործընթաց է, որը ժամանակ է պահանջում։ Ես չեմ կարող ասել, թե որքան կտևեն աշխատանքները, բայց կան բոլոր հնարավորությունները արագացված տեմպերով գործընթացն իրականացնելու համար»,- հայտարարեց նա։
Այնուհետև Կալամանովը ՄՄ-ի անդամակցության վերաբերյալ ասաց. «Սա լուրջ հնարավորություն է անդամ պետությունների տնտեսական հնարավորությունները զարգացնելու առումով»:
Իսկ հարցին, թե ՄՄ անդամակցությունից հետո ապագայում հնարավո՞ր է քննարկվի միասնական տարադրամի հարցը, ասաց, որ պատրաստ չէ այդ հարցին պատասխանելու։
Գեորգի Կալամանովը, անդրադառնալով հայաստանյան քաղաքական շրջանակներում հնչող մեկնաբանություններին, որ ՄՄ միջպետական հանձնաժողովը վերպետական մարմին է և որոշակի մասով սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը, նկատեց. «Ես այդ հարցը նույնիսկ չեմ էլ քննարկել, որովհետև Մաքսային միությունը միասնական տնտեսական տարածք է, որը հիմնված է տնտեսական խնդիրների վրա և ինքնիշխանության խնդիրներ չեն քննարկում»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կառույցը չի՞ վերածվի նոր ԽՍՀՄ-ի, ՌԴ պաշտոնյան նկատեց, որ նման հարցադրում չի էլ կարող լինել:
Նշենք, որ համաժողովի նիստի օրակարգում քննարկված 14 հարցերի թվում էր նաև նախագիծը, որը կոչվում է՝ « ՀԱՊԿ անդամ երկրների ռազմատնտեսական համագործակցության հետաքրքրությունների շրջանակում հայկական ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկի նախագիծը»:
Քանի որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նախապես հայտարարված ասուլիսին չէին եկել շատ զբաղված լինելու պատճառով, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը ներկայացրեց նիստում քննարկված հարցերի շրջանակը, և հասկանալի չէր, թե խոսքը ինչ ձեռնարկությունների ու կազմակերպությունների մասին է:
Ի պատասխան Գեորգի Կալամանովը նշեց, որ այդ հարցը քննարկվում է արդեն մի քանի տարի շարունակ և ավելացրեց. «Խնդիրը ո՞րն է։ Խնդիրն այն է, որպեսզի կարողանանք գտնել ռազմական տեխնիկայի արդյունաբերության և դրա վերանորոգման հնարավորություններ: Այսինքն՝ մի կողմից պահպանել, մյուս կողմից՝ զարգացնել»:
Այնպես որ ռազմատնտեսական հանձնաժողովը քննարկել է երկու հարցերն էլ: Նիստից հետո ստորագրվեցին ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում ևս հինգ համաձայնագիր:
Նշենք, որ նիստի աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ Տաջիկստանից, Ղազախստանից, ՌԴ-ից, Բելառուսից:










