Որսորդական բազեն Քուվեյթում վաճառվել է ռեկորդային 700 հազար դոլարով

11:49 • 03.10.13

Քուվեյթում կայացած աճուրդում 700 հազար ԱՄՆ դոլարով բազե է վաճառվել, և դա ռեկորդային գին է, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Գնորդը բազեներով որսի սիրահար կատարցի մեծահարուստ է:

 

Բացառիկ բազեն, ըստ երևույթին, ինչ-որ մեկը կորցրել է տարածաշրջանում, ապա դա հայտնաբերվել է Սաուդյան Արաբիայում: Դրան հաջորդած շաբաթներին փետրավոր գանձը մի քանի անգամ վերավաճառվել է և այդպես հայտնվել Քուվեյթում:

 

Այժմ թռչնին հատուկ սարք է կցվել, որպեսզի նորից չկորի, ինչպես նաև` երկու աղախին, որոնք գիշեր-ցերեկ հոգ են տանում նրա մասին: Իսկ թռչունը պահվում է հատուկ օդափոխությամբ տարածքում: Նա առաջիկայում նաև բուժզննում կանցնի:

 

Նոր տերն արգելել է նկարահանել իր թռչնին կամ մոտենալ: Տեղական սովորույթներով` որսորդական բազեին կարող է տեսնել միայն իր տերը, մնացածին ցույց են տալիս միայն թռչնի ճանկերը: