ՀԱԿ-ը մտադրվել էր գլխավոր դատախազի քվեարկության վերահաշվարկ պահանջել, բայց հետո անիմաստ է համարել
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր որոշել էր խմբակցության անունից ՀՀ գլխավոր դատախազի քվեարկության վերահաշվարկ պահանջել ՝ վստահ լինելով, որ քաղաքական մեծամասնությունը կեղծիքներ է արել, սակայն հետո մտքափոխվել է:
«Բայց հետո մտածեցինք, որ եթե աղմուկն այդքան մեծ է, ուրեմն արդեն ամեն ինչ ուղղած դրած կլինեն: Հետևաբար, եթե բացենք, արդեն կտեսնենք, որ ուղղված է»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցել էր 108 պատգամավոր, որից դեմ էին քվեարկել 3-ը, ևս 2 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։ Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիրները հանդես էին եկել հայտարարությամբ, որ դեմ են քվեարկելու։
Իսկ Լյուդմիլա Սարգսյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էր, թե հաշվիչ հանձնաժողովին հաջողվել է մոտ 20 «դեմ» քվեաթերթիկ վերածել «կողմի», և Լյուդմիլա Սարգսյանը չէր բացառել, որ հանձնաժողովի մյուս անդամները կարողացել են մյուս «դեմ»-երը դնել «կողմ»-երի տրցակի հետ:
«Ավելին ասեմ՝ էսօր լրագրողներից մեկն ինձ ասաց, ընդ որում, հանրապետական կուսակցությունից էր լսել, առանց անունը նշելու, բայց տեղյակ մարդ էր, որ իրականում 28 դեմ է եղել: Ընդ որում հենց իրենց շրջապատից»,- ասաց նա։
Ի պատասխան հարցի, թե նպատակը ո՞րն էր, ՀԱԿ խմբակցության պատգամավորը կարծիք հայտնեց, որ նպատակները երկուսն են եղել:
«Քվեարկողների թիվն ավելացնել, որովհետև Աղվանի թիմն արդեն ուրախանում է, որ 2007-ին ավելի մեծ թվով պատգամավորներ են իր ընտրությանը մասնակցել, քան հիմա: Եվ դրան զուգահեռ փորձել են լուծել հարցը, որն իրենց օրակարգից ընդհանրապես չի իջնում «փչացնել» ընդդիմությանը և մեր ներքին խոհանոցում պառակտում մտցնել: Բայց փառք Աստծո, մենք մեկս մյուսի վրա բավականին մեծ վստահություն ունենք: Եվ գիտենք, որ բոլորս քվեարկել ենք այնպես, ինչպես ֆրակցիայում որոշել ենք: Ընդ որում, միաձայն »,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը։
Իսկ հարցին, որ Նիկոլ Փաշինյանը չունի այդ վստահությունը, պատասխանեց. «Փաշինյանը ներկա չի լինում մեր ֆրակցիայի նիստերին, բայց էդ վստահությունը նա կարող է չունենալ, բայց ես պիտի ասեմ, որ ես վստահ եմ, որ ինքը դեմ է քվեարկել ու էնքան էլ ճիշտ չէ, որ ինքը էդ վստահությունը չունի մեր նկատմամբ: Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ իմ ընկերները դեմ են քվեարկել, իսկ որ իմացա 28 դեմ է եղել, ընդհանրապես որևէ կասկած՝ անգամ մեկ տոկոսանոց չի կարող լինել »:










