Գերմանիայի միավորումից հետո արևելյան և արևմտյան գերմանացիների կենսամակարդակների տարբերությունները պահպանվում են. Մերկել
Գերմանիայի միավորումից 23 տարի անց գերմանացիների կենսամակարդակի տարբերությունը երկրի արևմուտքում և արևելքում շարունակվում է պահպանվել։ Դա խոստովանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Գերմանիայի միավորման օրվա առթիվ ելույթ ունենալով Շտուտգարտում, գրում է ИТАР-ТАСС-ը։
Հիմնական տոնակատարություններն անցկացվում են այսօր, Բադեն Վյուրտեմբերգի վարչական կենտրոնում։
Գերմանիան միավորվել է 1990թ. հոկտեմբերի 3-ին, երբ նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության կազմում ընդգրկված 5 հողեր՝ Բրանդենբուրգ, Մեկլենբուրգ, Սաքսոնիա, Սաքսոնիա-Անհալտ և Տյուրինգիա, ընդգրկվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմում։
Անգելա Մերկելի խոսքով՝ արևելքի և արևմուտքի միջև «կենսամակարդակների հավասարեցման դեպքում տարբերությունները պահպանվում են»։ «Դեռևս անելիքներ կան»,- խոստովանել է կանցլերը։
Մերկելը հիշեցրել է, որ երկրի արևելյան շրջանում բարձր է գործազրկության մակարդակը՝ ի տարբերություն արևմտյան շրջանի։ Բացի այդ, Գերմանիայի արևելքում մարդիկ ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան արևմուտքում։










