Ռուսաստանում պատգամավորներն առաջարկել են սահմանափակել ներգաղթյալների մուտքը դպրոց

16:19 • 03.10.13

ՌԴ Պետական դումա օրինագիծ է մտցվել ներգաղթյալների երեխաներին անվճար հիմունքներով դպրոց և մանկապարտեզ ընդունելու սահմանափակումների մասին, գրում է lenta.ru-ն:

 

Պատգամավորներն առաջարկում են Ռուսաստանի կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարել, որոնք իրավունք կտան հանրակրթական հաստատություններում սովորել միայն այն արտասահմանցիների երեխաներին, ովքեր իրենց եկամտից հարկեր են վճարում Ռուսաստանին: Համաձայն օրինագծի տեքստի՝ մանկապարտեզ կամ դպրոց կկարողանան ընդունվել այն ներգաղթյալների երեխաները, ովքեր առնվազն մեկ տարի հարկեր են վճարում Ռուսաստանին:

 

Պատգամավորների կարծիքով՝ ներգաղթյալների երեխաները դանդաղեցնում են կրթական գործընթացը, քանի որ չգիտեն ռուսաց լեզու, իսկ Միջին Ասիայից եկած երեխաների դաստիարակությունը նրանց թույլ չի տալիս կին ուսուցիչներից ընկալել տեղեկությունները: