Անհրաժեշտ է խստացնել ներգաղթյալների մասին օրենքը. Պուտին

17:19 • 03.10.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության ակտիվի հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է այն խստացնել, հաղորդում է «Комсомольская правда»-ն:

 

Նա նշել է, որ գործունեության մի քանի ոլորտներում ներգաղթյալներին կարելի է փոխարինել տեղաբնակներով, իսկ թե կոնկրետ որ ոլորտներում՝ Պուտինն առաջարկել է մտածել կառավարությանը: Որպես օրինակ՝ նա բերել է առևտրային ոլորտը:

 

2014 թվականի առաջին եռամսյակում ուժի մեջ են մտնելու Ռուսաստանում ժամանակավոր բնակության թույլտվության տրամադրման նոր կանոնները: Փաստաթուղթը կարողանալու են ստանալ միայն այն ներգաղթյալները, որոնք կունենան աշխատանքային պայմանագիր: Ընդ որում՝ նրանք կկարողանան զբաղեցնել այն թափուր աշխատատեղերը, որոնք երկու ամսվա ընթացքում այդպես էլ չեն զբաղեցվի Ռուսաստանի քաղաքացիների կողմից: