Նկատի ունենալով Զարուհու անհավասարակշիռ վարքը՝ նրան հարց տալու իրավունք չպետք է տրվեր. Ս. Նիկոյանը դավադրության տեսության մասին
«Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքը ԵԽԽՎ նիստում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շատ բացասական է գնահատում, միաժամանակ ընդգծելով, որ թեև ինքը շրջանառվող դավադրության տեսության կողմնակից չէ, բայց այդ պատասխանատու օրը, նկատի ունենալով Զարուհի Փոստանջյանի անհավասարակշիռ վարքը՝ նրան հարց տալու իրավունք չպետք է տրվեր։
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանին հարց տալու իր իրավունքը զիջել էր ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության մշտական անդամ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, ով ըստ Lragir.am-ի՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի վստահելի մարդկանցից մեկն է: Նշենք նաև, որ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարեց իր լիազորությունների շրջանակներում Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հեռացնելու որոշման մասին, ինչը նույն կայքը ներկայացրեց քայլ, որպեսզի Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին հերթական անգամ չկասկածի իր դեմ դավադրության մեջ։
«Ես ճիշտն ասած դավադրությունների կողմնակիցը չեմ, ուղղակիորեն կարող եմ այդ ամենի մեջ տեսնել շատ պատահական զուգադիպությունների հաջորդականություն և ոչ ավելին»,-Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Սամվել Նիկոյանը։
Մինչդեռ ըստ նրա, միանշանակ պարզ էր, որ չպետք է Զարուհուն հարց տալու հնարավորություն տրվեր։ «Անկեղծ ասած, հաշվի առնելով Զարուհու նախորդ նմանատիպ ելույթները, միշտ էլ կարելի էր նման անհավասարակշիռ վարքագիծ ենթադրել։ Կարծում եմ, որ նման պատասխանատու օրը պետք չէր հնարավորություն տալ նրան, որ ելույթ ունենա»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե այդ հնարավորությունը տրվել է հենց ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հարցի իրավունքը նրան զիջելով, Նիկոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, բան չունեմ ասելու, ես ասում եմ, որ հաշվի առնելով նրա բնավորությունը, որ նման պատասխանատու պահին կարող էր անպատասխանատու քայլեր անել: Կարծում եմ՝ մեկ անգամ էլ կարող էր ձեռնպահ մնալ խոսելուց»։
Հարցին, որ եթե այդ ամենը գիտեին, ինչու՞ ավելի շուտ քայլեր չէին իրականացվում Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու ուղղությամբ, Նիկոյանը պատասխանեց, որ այդ հարցն իրեն չպետք է տրվի:
Իսկ մնացածն ըստ Նիկոյանի՝ իր կուսակցության բարոյական պատասխանատվության խնդիրն է։ «Որովհետև անիմաստ է Զարուհուց որևէ բան պահանջել։ Դա պետք է իր ընկերներից յուրաքանչյուրը և կուսակցությունը գնահատական տա, և ըստ այդմ էլ մենք ձևավորենք մեր վերաբերմունքը»,-ասաց նա։
Թե ինչքանո՞վ էր Սերժ Սարգսյանի պատասխանը համոզիչ՝ Սամվել Նիկոյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ պատասխան տար, որ ձեզ համար դա վստահեցնող լիներ, ի՞նչ պատասխան էիք ակնկալում: Միևնույնն է՝ նմանատիպ հարցադրումներին, ով էլ լինի ու ինչ պատասխան էլ տա... ինչպես ասում են՝ «մի խելառ քարը գլորում ա, հազարը չի կարողանում հանել», միևնույնն է ինչ պատասխան տար Սերժ Սարգսյանը, ձեր ասած այդ կասկածամտությունը մեր հասարակության մոտ իհարկե կարող էր մնալ, դրա համար ելույթի բացասական ու անընդունելի մասը կայանում է հենց դրանում»։
Հարցին, թե արդյոք խիստ չէ՞ին թե ՀՀԿ-ականների, և թե ընդհանրապես հնչող գնահատականները, որտեղ անգամ վիրավորանքներ հնչեցին՝ թուրք պիտակավորմամբ, նախկին ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես էլ ծայրահեղ, ոչ այնքան հաճելի գնահատականներ տվեցի մի կողմից, մյուս կողմից այս գնահատականն ավելի շատ տալիս եմ ընկերներին։ Եթե դուք ուշադիր էիք՝ ավելի շատ կուսակցական ընկերներից է իմ պահանջը և ոչ Զարուհուց, բայց հասկանում եմ, որ եթե հիմա ամբողջ ազգով էլ կանգնենք ու փորձենք Զարուհուն ինչ-որ բան հասկացնել, կամ ասել, հայհոյել՝ դրանից միևնույնն է ոչինչ չի փոխվում: Յուրաքանչյուրս էմոցիոնալ արտահայտվում ենք այս պահին, բայց ճիշտ կլինի, որ մենք մեզ պահենք ավելի հավասարակշռված, քան ինքը»։
Դիտարկմանը, թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հանելն էլ անհավասարակշիռ չէ՞ր, Սամվել Նիկոյանը պատասխանեց, թե ինքը չի ուզում գնահատական տալ. «Թվարկվեց այն հոդվածները, որով ԱԺ նախագահը առաջնորդվելու է»։
Հիշեցնենք, որ նախօրեին Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց էր ուղղել, թե ճի՞շտ է արդյոք, որ նախագահը եվրոպական խաղատներում 70 մլն եվրո է տանուլ տվել:










