Փակ շուկայի հարցը կմիջազգայնացվի. Նախախորհրդարանը ստորագրահավաք և ամենօրյա բողոքի ակցիաներ կանցկացնի (տեսանյութ)
Հոկտեմբերի 9-ից Նախախորհրդարանը կսկսի ամենօրյա բողոքի ակցիաներ անցկացնել՝ ի պաշտպանություն Երևանի Փակ շուկայի վերականգնման: Այս մասին այսօր Մաշտոցի պուրակում կայացած ասուլիսին հայտնեց Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը՝ ավելացնելով, որ Փակ շուկայի հարցն այլևս կմիջազգայնացվի:
«Երևանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած գիտաժողովին մենք մասնակիցներին ներկայացրել ենք խնդիրը, նրանք խոստացել են, որ իրենց երկրներում կբարձրաձայնեն այդ հացը: Իսկ մենք շուտով Երևանում կսկսենք ստորագրահավաք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և համապատասխան մարմիններին դիմելու համար, այսպիսով մենք հարցը միջազգայնացնում ենք»,- ասաց նա:
Վերջինս նաև անդրադարձավ երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված հարցին, թե ինչու՞ կառավարությունը չի իրականացրել հուշարձանի պահպանման համար իր լիազորությունները: «Վարչապետի ռեակցիան ցույց տվեց, որ հարցից փախնում է և նորից ապացուցեց, որ Հայաստանում այլմոլորակայիններ են գործում, որոնց հնարավոր չէ պատժել»,- ասաց նա:
Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանն էլ ասաց, որ չնայած նրան, որ Մշակույթի նախարարությունը հայտարարում է Փակ շուկայում տեղի ունեցող օրինախախտության մասին ու Երևանի քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է շինարարություն իրականացնողին, բայց ոստիկանությունն ու դատախազությունն այդտեղ հանցանք չեն տեսնում: «Մենք պատրաստվում ենք նամակով դիմել նաև տարածքային կառավարման նախարարին, իսկ եթե, այնուամենայնիվ, կատարվի շուկայի բացումը որպես սուպերմարկետի, նշանակում է, որ մի քանի պետական օղակներ դառնում են հանցակից»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ արվեստի աշխարհն այս կամ այն ձևով արձագանքում է Փակ շուկայի խնդրին, և բոլորն էլ դեմ են պատմամշակութային կոթողի աղճատմանը. «Բայց եթե պետությունը թքած ունի այդ հարցի վրա, իրենց խնդիրն է, մենք պայքարելու ենք մինչև վերջ»:
Նախախորհրդարանի անդամները նաև շեշտեցին, որ իրենք գնալով է՛լ ավելի են ուժեղացնելու ճնշումները, իսկ վերջինիս նախկին տեսքի վերականգնման մասին Վարդան Հակոբյանն ասաց. «Դա լինելու է, վաղ թե ուշ լինելու է, այդ շուկան չի դառնալու սուպերմարկետ»:










