Ճիշտ կլինի, որ բոլորը պատասխան տան իրենց արածների ու ասածների համար. Ռ. Հակոբյանի հակադարձումը Սամվել Նիկոյանին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, անդրադառնալով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հայտարարությանը, թե ԵԽԽՎ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքի համար պետք է պատասխան տան «Ժառանգության» բոլոր անդամները, ասաց, որ ճիշտ կլինի, որ բոլորը պատասխանատվություն կրեն։
-Ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ պատվիրակությունում Զարուհի Փոստանջյանի փոխարինման մասին ԱԺ նախագահի որոշումը:
-Նախ ասեմ, որ երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այդ հարցով խորհրդակցություն հրավիրեց, չնայած ծանոթ չէինք օրակարգին, բայց երբ ասվեց, որ ուզում է հայտարարություն անել, դեմ արտահայտվեցի: Եվ, բնականաբար, կարող էր տարընթերցումների տեղիք տալ, որ ԱԺ նախագահը խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ ... Առնվազն կարծում եմ՝ պարոն Աբրահամյանը լսել է իմ տեսակետը, թե ես ինչպես եմ արտահայտվել, որովհետև մեր կանոնակարգ-օրենքի համաձայն՝ մեր պատվիրակությունները՝ տվյալ դեպքում ԵԽԽՎ պատվիրակությունը, ձևավորվում է խմբակցությունների ներկայացված թեկնածուների կողմից, բայց պատվիրակության վերջնական ձևավորման որոշումը ԱԺ նախագահի որոշումն է: Այսինքն՝ ինքն է ընտրում պատվիրակության կազմը և մի քիչ ինձ համար անհասկանալի էր այդ խորհրդակցությունը։
- Կարծեմ Դուք ասել էիք, որ «ես անձնապես Սերժ Սարգսյանին նման հարց չէի տա»: Դա նշանակում է, որ Դուք բարոյապես դե՞մ եք Զարուհի Փոստանջյանի քայլին:
- Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե որ ամբիոնում ինչպիսի հարց հնչեցնի իր պատգամավորական լիազորությունների շրջանակներում: Եվ յուրաքանչյուրը, բնականաբար, իր լիազորության շրջանակներում իր սկզբունքներն է իրականացնում: Այստեղ խնդիրը ոչ միայն բարոյականի մասին է, այլ նրա, թե տվյալ դեպքում հարցի ինչ առաջնահերթություն կա, ինչ հարց պետք է տվյալ դեպքում շոշափվի այդ ամբիոններում: Եվ, այո՛, ես ասել եմ, որ նման հարց չէի հնչեցնի:
– Իսկ չե՞ք կարծում, ո ր Զարուհի Փոստանջյանի հանդեպ քաղաքական հետապնդում կա, որովհետև սոցիալական ցանցերում, մամուլում օրինակ՝ մի տեսակ «վհուկների որս» էր սկսվել, վերհիշել են, թե նա ինչպես էր լեզու հանել, կատվի ձագ բերել ԱԺ:
- Առայժմ չեմ կարող ասել, որ ինչ-որ հետապնդումներ կան, բայց մամուլում ամենատարբեր բաներ են գրում: Նաև, թե ինչպես է ծնվել այդ հարցը, և այլն, ես ասեկոսեներին չեմ ուզում անդրադառնալ մեկնաբանել, և դա անլուրջ է: Առավել ևս, որ կայքեր կան, էլեկտրոնային մամուլ, սոցիալական ցանց, յուրաքանչյուրն իր ենթադրություններով է առաջնորդվում, որոնց անդրադառնալը չեմ կարծում, որ լուրջ է:
-Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծիք էր հայտնել, որ «Ժառանգության» անդամները պետք է պատասխանատվություն կրեն Զարուհի Փոստանջյանի համար: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ընդհանրապես ճիշտ կլինի, որ բոլորը պատասխանատվություն կրեն և ոչ միայն իրենց ասածի ու արածի համար, այլև այն ուժերի գործունեության համար, որոնք այսօր գործում են քաղաքական դաշտում։ Եվ կարծում եմ՝ շատ ճիշտ սկզբունք է Սամվել Նիկոյանի ասածը, բայց կարծում եմ, որ առաջին հերթին քաղաքական մեծամասնության յուրաքանչյուր մերկայացուցիչ բարոյական և քաղաքական պատասխանատվություն պետք է կրի հանրապետությունում ստեղծված իրավիճակի համար: Դրանից հետո, երևի, բարոյական իրավունքի հարց կառաջանա: Բայց պատասխանատվության հարցը միշտ էլ կարևոր է, թե՛ անհատապես, թե՛ քաղաքական միավորի առումով:
- Պատվիրակության կազմի փոփոխությունը որքան հայտնի է քվոտավորված է: Այսինքն՝ «Ժառանգությո՞ւնն» է ներկայացնելու պատվիրակի թեկնածու, և Ձեզ առաջարկվել է, որ այլ անդամի՞ նշանակեք:
- Առայժմ որևէ բան չի առաջարկվել, և խմբակցությունը կհավաքվի, կորոշի, դեռ պաշտոնապես նաև չի եկել առաջարկություն Հովիկ Աբրահամյանի կողմից:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Զարուհի Փոստանջյանին փոխարինի դե յուրե «Ժառանգության» անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
- Կրկնում եմ, այս պահին ոչ մի հարց չի քննարկվել և ենթադրություններ չեմ ուզում մեկնաբանել:










